Մատչելիության հղումներ

Լրացավ Արցախի անկման մեկ տարին


Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Այսօր լրանում է Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Նախորդ տարվա այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Նրանք «Եռաբլուր»-ում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

2023թ․ սեպտեմբերի 19

2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանը հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքեր էին անում։

Մի քանի ժամ անց Բաքուն հաղորդեց մեկ այլ պայթյունի մասին, այս անգամ էլ պնդելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ, ովքեր «ԿամԱզ»-ով Թաղավարդ գյուղի ճանապարհով ուղևորվում էին ավելի վաղ տեղի ունեցած պայթյունի վայր։ Իբր ասվածի ապացույց, ադրբեջանական կողմը պայթյունից մասնատված անձանց լուսանկարներ էր հրապարակել։

Հայտարարություններից ժամեր անց Բաքուն երկու դեպքերով էլ քրեական գործեր հարուցեց՝ ահաբեկչության, կանխամատծված սպանությունների և մի շարք այլ հոդվածներով։ Պաշտոնական Բաքուն պնդեց, թե տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմի նպատակը ահաբեկչությունն է»։

Ստեփանակերտը հերքեց Բաքվի բոլոր մեղադարանքները։

«Հակաահաբեկչական գործողություններ» Արցախում

Ադրբեջանը հայտարարեց՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսկում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը»՝ նշելով, թե իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Բաքվի հայտարարություններից ժամեր անց Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը X-ում գրում է․ - «Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը»։

Բաքուն հայտարարեց, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։ ՀՀ ՊՆ-ն էլ հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության բանակի պաշտպանության խորքը։ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:

Հայաստանի արտգործնախարարությունը կոչ արեց միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով։

Ժամը 16-ի սահմաններում, արդեն վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ կային։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարեց՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները՝ բռնի ուժով ստիպելով 120 հազար բնակչությանը լքել իրենց տունը։

Եվրամիության խորհրդի նախագահ, հայ - ադրբեջանական բանակցությունների միջնորդ Շառլ Միշելն Ալիևի վարչակազմին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Ստեփանակերտի հետ երկխոսություն սկսել:

Երեկոյան ժամը 19-ի սահմաններում Ադրբեջանի նախագահականը հայտարարում է, որ «հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի»։ Հակառակ դեպքում Բաքուն սպառնում է «հակաահաբեկչական միջոցառումները» շարունակել մինչև վերջ։

2023թ․ սեպտեմբերի 20

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ի առավոտյան։

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ և ժամը 15։00-ի սահմաններում կրակն Արցախում դադարեց։

Բաքուն հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է և սեպտեմբերի 20-ին նախատեսվում է հանդիպում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

2023թ․ սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, որտեղ մեկնարկեց հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Եվլախում բանակցությունները Բաքվի կողմից վարում էին պատգամավոր Ռամին Մամեդովը, ով Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատուն էր։ Հանդիպմանն արցախյան կողմը ներկայացնում էր նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը: Պատվիրակության կազմում էր նաև Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

Ավելի ուշ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ։ Շահրամանյանը նշեց, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

2023թ․ սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որում նշվում էր, որ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG