Մատչելիության հղումներ

ՔՊ-ում արցախահայերի վերադարձի տեսլական չունեն, ընդդիմությունը պահանջում է հարցն օրակարգից չհանել


Սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքող հայերը, 2023թ.
Սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքող հայերը, 2023թ.

«Չունեմ այս պահին ռեալ տեսլական, որով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ». Հովհաննիսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ընդունում են՝ Արցախի հայերի վերադարձի հարցով որևէ իրատեսական ծրագիր չունեն: Այն ընդգրկված չէ նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում, որն, ըստ իշխանականների, վերաբերում է միայն Երևանի ու Բաքվի հարաբերություններին։ Իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի իրավունքների իրացման հարցն, իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի համոզմամբ, մտել է փակուղի:

«Ես չունեմ այս պահին հողի վրա ռեալ տեսլական, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ իրենց տուն: Կարծում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական մոտեցումն է... դուրս եկեք փողոց և հարցրեք: Իշխանությունը ելնում է ՀՀ ժողովրդի մոտեցումներից ու դիրքորոշումներից: ՀՀ ժողովուրդն ուզում է խաղաղություն, անվտանգություն, զարգացում: Մենք տանելու ենք ՀՀ ժողովրդին դեպի խաղաղություն, անվտանգություն, զարգացում, և որևէ արկածախնդիր մեզ չի խանգարի», - ասաց նա «Ազատության» հարցերին ի պատասխան:


Իշխանությունը հայաթափումից հետո չի խոսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին՝ առաջնահերթություն համարելով նրանց սոցիալական խնդիրների լուծումը: Եվ եթե անցած տարվա մայիսին՝ Արցախի անկումից հինգ ամիս առաջ, վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցն Հայաստանի իշխանության օրակարգում չլինի, այժմ, մասնավորապես, վերադարձի իրավունքի մասին հայտարարությունները վարչապետն ու թիմակիցները ժամանակավրեպ են համարում։

«Բոլոր նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, «ելեք ոտի՝ գնանք», արկածախնդիրներ են, և նրանք փորձ են անում պրոցեսները գեներացնելով լարվածություն մտցնել ՀՀ-ում, այսպես ասած, նոր քաղաքական թոկ Հայաստանի Հանրապետության վզին գցելու համար», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմության արձագանքը


Իշխանական պատգամավորի այս վրդովմունքն ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատահական չի համարում: Հիշեցնում է՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանն էր խորհրդարանի ամբիոնից հայտարարում, թե Արցախի հարցը տարիներ շարունակ վզկապ է եղել Հայաստանի վզին, ուստի դրանից ազատվելն, Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ իշխանության համար ցանկալի լուծում է:

«Կտրեցին էդ «պավադոկը»: Հիմա էլ ինքը հասկանում է, որ քանի արցախցիներն այստեղ են, համախմբված են, քանի ունեն օրինական ներկայացուցիչներ, վերադարձի հարցը միշտ բարձրացնելու են, և, իհարկե, փորձելու է այդ ամեն ինչը խեղդել», - ասաց Խաչատրյանը:


Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ արցախահայերի վերադարձի մասին հնչող տեսակետներն իրատեսական չի համարում, բայց նա ևս չհստակեցրեց՝ որն է իր ղեկավարած կառավարության տեսլականն այս հարցում։

«Այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, ես դա իրատեսական չեմ համարում, իսկ այն փաթեթավորումը, բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին», - նշել էր Փաշինյանը:

Հարցը բանակցություններից դուրս չպետք է մղել. Արթուր Խաչատրյան

Տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, քանի դեռ հակամարտող կողմերի կենսական շահերը լուծված չեն, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Խաչատրյանը: Իսկ ինչպե՞ս է պատկերացնում ընդդիմությունը հարցի լուծումն այն դեպքում, երբ Արցախն անցած տարվանից Ադբեջանի լիարժեք հսկողության ներքո է, ռուս խաղաղապահներն էլ լքել են Ղարաբաղը: Արթուր Խաչատրյանն ասում է՝ առաջին հերթին պետք է հարցը բանակցություններից դուրս չմղել:

«Հարցը պետք է դարձնել օրակարգային և քննարկել ամբողջությամբ: Այո, վերադարձի, հայրենադարձության իրավունքը սկզբնաքարն է: Դա պետք է ֆիքսել, այնուհետև նայել, թե ինչպես այդ մարդիկ պիտի իրականացնեն հայրենադարձության իրավունքը: Այո, անհրաժեշտ են անվտանգության կայուն, միջազգային երաշխիքներ: Այո, անհրաժեշտ է ՀՀ հետ կայուն, անվտանգ, ապահով ցամաքային սահման», - նշեց նա:

Եթե այժմ արցախահայերի իրավունքների հարցը արդիական չէ, ապա որ փուլում և ինչ ձևաչափով է իշխանությունը պատկերացնում դրա շուրջ բանակցությունները. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչն ասաց՝ այժմ իրենց խնդիրն է ամեն ինչ անել, որ արցախցիներն ապրեն Հայաստանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG