Մատչելիության հղումներ

«Ես չեմ կարա տան վարձ տամ, շատ թանկ է». 40+10 հազար դրամ աջակցությունից զրկված մի խումբ արցախցիներ դժգոհում են


4 անչափահաս երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առջև է շուշեցի Մարգարիտա Պետրոսովան։

Երիտասարդ կինը երեխաների հետ 2023-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո է Երևան տեղափոխվել։ Սա Մարգարիտայի ընտանիքի երրորդ տեղահանությունն է։ Ծնողների հետ Բաքվից 90-ականներին Շուշի էին տեղափոխվել, 20 թվականի պատերազմից հետո էլ Ստեփանակերտում բնակություն հաստատել՝ սկսելով 0-ից։

«Ստեփանակերտ տուն եմ ստացել, 27-ին մտել եմ տուն, 27-ին դուրս եմ եկել, մի տարի եմ մնացել էդ տանը», - ասաց նա:

Հիմա մայրաքաղաքի արվարձաններից մեկում են ապրում, որ գոնե համեմատաբար ավելի քիչ վարձ տան։ Բայց ասում է՝ արդեն երկրորդ ամիսն է վարձը չի կարողանում վճարել. պետությունը դադարեցրել է 40+10 դրամի աջակցությունը։ Իսկ միայն իր աշխատավարձով այս պահին չի կարող հոգալ 4 անչափահաս երեխաների ծախսերը, վճարել ջրի, գազի, հոսանքի վճարն ու տան վարձը:

«Աշխատում եմ, բայց կարող եմ միայն իմ երեխաների կարիքները հոգալ: Հիմա վարձերը կտրել են, ես չեմ կարա վարձ տամ, որովհետև հիմա տան վարձերը շատ թանկ են, երկրորդը, նենց չի, որ չգիտեմ ինչ գումարներ ենք ստանում, որ կարանք համ տան վարձ տանք, համ էլ երեխաներ պահենք», - նշեց Մարգարիտան:

Քույրը՝ Սվետլանա Պետրոսովան էլ է նույն իրավիճակում հայտնվել։ Նրա ամուսինը 44-օրյայում է զոհվել։

Երիտասարդ կանայք պատմում են՝ օրեր առաջ են իմացել, որ զրկվել են տան վարձավճարների ու կոմունալների համար նախատեսված աջակցությունից, Սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել են թե՝ Հայաստանում տուն գնելու համար նախատեսված 10 միլիոն դրամի ծրագրի շահառու են։ Այս ծրագիրը նախատեսված էր 20 թվականի պատերազմից հետո տուն ու տեղը կորցրած արցախցիների համար, այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Շուշին ու Հադրութը, նաև Ղարաբաղին հարակից յոթ շրջանները։

«Ես 22 թվականին Ստեփանակերտ տուն եմ ստացել, չգիտեմ ոնց են իմ անունը 20 թվականի շահառուների մեջ մտցրել: Երբ որ իմացանք, զանգեցինք 114, ասացին՝ դուք վարձերից կտրված եք, սերտիֆիկատի շահառու եք», - պատմեց Մարգարիտան:

Այս խնդրին բախված մի խումբ արցախցիներ այսօր իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ էին հանդիպում՝ իրենց խնդիրը ներկայացնելու. մինչ այդ էլ դիմումներ են գրել թե՛ վարչապետին, թե՛ Սոցապ նախարարությանը։ Դեռ հույս ունեն՝ կվերականգնվի աջակցությունը։

40+10 հազար դրամ աջակցությունից զրկվում են այն արցախցիները, որոնք 10 միլիոն դրամ արժողությամբ տան սերտիֆիկատների ծրագրի շահառու են համարվում, պարզաբանում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շահառուները կարող էին ծրագրին դիմել մինչև հուլիսի 1-ը։

«Տեղեկացրել ենք, որ անկախ նրանից հայրենակիցները հավաստագիր ստացել են, չեն ստացել, առայժմ չեն վերցրել, իրացրել են, թե չեն իրացրել, հրաժարվելու են հավաստագրից, թե իրացնելու են, անկախ այդ հանգամանքից 40+10 հազար դրամ աջակցության շահառու հանդիսանալ չեն կարող», - ասաց աշխատանքի և սոցիալական հացերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Իսկ ինչո՞ւ է նման տարբերակված մոտեցում ցուցաբերվում շուշեցիներին, որոնք չեն հասցրել օգտվել ծրագրից ու պատերազմից հետո բնակություն են հաստատել Արցախում, ոչ թե Հայաստանում, ինչո՞ւ է պետությունը միանգամից զրկում նրանց աջակցությունից, երբ տուն գնելու նոր ծրագրի շահառուները շարունակում են օգտվել 40+10 աջակցությունից, նախարարությունից հստակ բացատրություն չեն տալիս։ Պարզ չէ արդյոք նաև՝ կվերանայեն այս որոշումը, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG