«Դիմում եմ գրել, ասում ա՝ 14 տարվա ստաժ ունես», - ոչ թե 14, այլ ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սլավիկ Ադամյանն առայժմ որևէ փաստաթղթով չի կարողացել հիմնավորել, որ չափահաս կյանքի գրեթե բոլոր տարիներին աշխատել է, թոշակի տարիքը լրացել է Հայաստանում, Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Հիմա ստանում է նվազագույն՝ 36 հազար դրամ թոշակ։
Արցախցիներին միավորող Ֆեյսբուքյան խմբերում մեր հարցումները ցույց տվեցին, այս՝ նույն խնդրին բախված տասնյակ մարդիկ կան ու նրանց թիվն օր օրի ավելանում է թոշակի տարիքին հասնելուն պես։ Արցախում ամեն ինչ թողած հազարավոր մարդիկ չեն հասցրել իրենց հետ վերցնել աշխատանքային գրքույկները, իսկ հաճախ էլ գրքույկներից բացի պետք են նաև արխիվային փաստաթղթեր, որոնք մնացել են այնտեղ։
Նույն խնդրի առջև է կանգնել Կամո Ավանեսյանը, շուտով նաև թոշակի տարիքը կլրանա, ձեռքի տակ եղած թղթերով ընդամենը 14 տարի է աշխատել, ոչ թե 4 տասնամյակ:
Մինչ հադրութցի Կամո Ավանեսյանը առայժմ դատարան դիմելու միտք չունի, փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն արդեն գրեթե 1 տասնյակ նման գործեր ունի դատարաններում, ներկայացնում է թոշակի տարիքի արցախցիների, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել՝ աշխատել են, հարկեր վճարել...
«Առաջինն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկ կամ սոցիալական վճարների վճարման վերաբերյալ ապացույց կամ աշխատանքային ստաժը հավաստող այլ փաստաթղթեր, օրինակ, աշխատավարձի ստացում կամ եկամտահարկի վճարում և այլն: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում նոր միայն օրենքը պահանջում է, որպեսզի ներկայացվի արխիվային տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ և արխիվային տեղեկանքը ներկայացնելու անհնարինության դեպքում արդեն օրենքով հստակ կարգավորում է տալիս, որ ստաժը հաստատվում է դատական կարգով», - ներկայացրեց Ջհանգիրյանը:
Ոչ միայն տեղահանված մարդիկ են վերջին պահին փաստաթղթեր մոռացել, այլև չի տարհանվել Արցախի պետական արխիվը։
«Այս պարագայում միակ տարբերակը մնում է արդեն դատական կարգով: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատանքային գրքույկում չկա համապատասխան գրառում կամ կատարված գրառումները ոչ ամբողջական տվյալներ են պարունակում», - ընդգծեց փաստաբանը:
Հնարվոր է շուտով դատարաններում այսպիսի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր գործեր լինեն։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ այս հարցը պետք է համակարգային լուծում ունենա, իսկ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն ըստ էության մարդկանց ուղղակի կամ անուղղակի ուղղորդում է դեպի դատարաններ։
«Այդ խնդիրն առաջանում է ոչ միայն հիմա թոշակի անցնողներին, այլ առաջանալու է անընդհատ բոլոր այն սերունդների համար, որոնք այդ ժամանակահատվածում աշխատել են ու երբ հասնեն արդեն կենսաթոշակային տարիքի, ստիպված են լինելու բախվել նմանատիպ խնդրի հետ», - ասաց Ստեփանյանը:
Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ օրենքը հնարավորություն տալիս է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի աշխատանքային ստաժի հաստատման հարցերով։
«Հարցը 1-2 հոգու չի վերաբերում, այլ հարյուրավորների ու հազարավորների է վերաբերում ու մշտապես առաջանալու է: Ճիշտ ճանապարհը պետության կողմից համակարգային լուծում տալն է», - նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Հակվա՞ծ է արդյոք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը գտնել համակարգային լուծում խնդրի համար, հարցին նախարարությունից մեզ գրավոր պատասխանել են՝ մանրամասն բացատրելով կենսաթոշակային իրավունքն իրացնելու հաստատված կարգը, որը նույնն է ինչ Հայաստանի մյուս քաղաքացիների դեպքում, այսինքն հաշվի չեն առնում, որ հազարավոր մարդիկ մի քանի օրում իրենց տներից տեղահանվել են։
Այս պահին կառավարությունը տարիքային կենսաթոշակ է վճարում 13 հազարից ավելի արցախցու: