Մատչելիության հղումներ

Աջակցությունից զրկված արցախցիները ակնկալում են լուծումներ վարձի ու բնակության հարցերում


Ստելլա Բաբախանյանը մեկն է այն շուրջ 1900 արցախցիներից, որոնք մայիսից զրկվել են պետության տրամադրած 40+10 հազար դրամ աջակցությունից։ Մեկ տարի առաջ Ստեփանակերտից տեղահանված 63-ամյա կինն ասում է՝ տղան ու ինքը միասին 100 հազար դրամ էին ստանում, այդ գումարով էլ տան վարձի մի մասն էին մարում։ Որդու աշխատավարձով հիմա ի վիճակի չեն ամբողջը վճարել։

«Անցած ամիս մի երկու կտոր ոսկի է եղել, դրել եմ զալոկ, որ տան վարձը տամ։ Հիմա մեզ ասում են՝ մինչև ամսի 1-ը դուրս եկեք, որ չեք կարողանում փողը մուծել։ <>

Ես համաձայն եմ գյուղում ապրել, բայց էլի թանկ է՝ 250 հազար, ամենաէժանը 170-180 է, ես ոչ մի բան չեմ ուզում, գոնե հնարավորություն տան՝ ապրենք էլի։ Ինձ մի հատ անկյուն տվեք, որ վարձ չտամ», - ասում է նա։

40+10 հազար դրամի ծրագիրը կավարտվի այս դեկտեմբերին։ Դրանից, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 100 հազար տեղահանված է օգտվում։ Ո՞ւրն է պատճառը, որ Ստելլա Բաբախանյանն ու նրա 1900 բախտակիցները տան վարձի ու կոմունալների համար նախատեսված գումարից զրկվել են։ Տիկին Ստելլային բացատրել են, թե 44-օրյա պատերազմից հետո իրականացված բնակարանային ապահովման շահառու են եղել։

Աջակցությունից դուրս մնացածներն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև էին հավաքվել։ Դժգոհում են՝ շատերը ծրագրից չեն օգտվել. 2020-ին Շուշիից, Հադրութից ու գրավված այլ շրջաններից տեղահանվելուց հետո Արցախում են մնացել, որն էլ ստիպված էին լքել անցած տարի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո։

Ստելլա Միրզայանն ընտանիքի հետ մի անգամ էլ 80-ականներին է Բաքվից տեղահանվել։ 3 անգամ տուն է կորցրել։

«Մենք հետ գնացել ենք Ղարաբաղ, ո՞նց ենք շահառու եղել, եթե բլոկադայի ընթացքում այնտեղ ապրել ենք, տեսել, տարել ենք, բայց տեղյակ չէինք, որ շահառու ենք», - ասում է նա։

Նախարարության մոտ հավաքված տեղահանվածներից մի քանիսին սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ընդունեց։ Պաշտոնյան հավաստիացրել է՝ նոր ծրագիր են մշակում աջակցությունից զրկվածների համար, նախագիծը կառավարություն է փոխանցվել ու առաջիկա շաբաթներին կքննարկվի գործադիրի նիստում։ Թե ինչ չափի աջակցության մասին է խոսքը ու ինչ պայմաններով է տրամադրվելու արցախցիներին, նախարարությունից դեռ չեն պարզաբանում։

Փաստացի այս պահին ֆինանսական աջակցության պետական ծրագրերը երկուսն են՝ 40+10-ը և բնակարանի գնման ծրագիրը։

Փնթի վարչարարության հետևանք. Արտակ Բեգլարյանի գնահատականը

Արցախի նախկին պետնախար Արտակ Բեգլարյանը շեշտում է՝ խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին նախկինում բնակարանային ապահովման ծրագրում ներգրավված լինելու պատճառաբանությամբ աջակցությունից զրկելը որևէ հիմնավորում չունի։

«Խնդիրը, որ արցախցիների մեծ մասը 40+10 ծրագրից զրկված է, ուղղակի, կներեք բառիս համար, փնթի վարչարարության հետևանք է», - ասաց նա։

Արտակ Բեգլարյանը կարծում է՝ այս գումարով որոշ չափով լուծվում է առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող բազմաթիվ արցախցիների սոցիալական վիճակը. - «ՀՀ-ում գտնվող Արցախի ժողովրդի ստվար հատվածի մոտ, տարբեր փորձագիտական հաշվարկներով, մոտ 70-80 տոկոսի մոտ առկա է աղքատություն, այսինքն՝ աղքատության շեմից ներքև են գտնվում, որը ՀՀ աղքատության ցուցանիշից 2-3 անգամ ավելին է»։

Պաշտոնական վիճակագրություն չկա արցախցիների շրջանում աղքատության մակարդակի վերաբերյալ։ Ըստ կառավարության՝ 2023-ին տեղահանված մոտ 25 հազար ընտանիք է Հայաստանում վարձով ապրում։ Նրանց համար գործադիրն այս տարի բնակարանով ապահովելու նոր ծրագիր է հաստատել։ Դրա առաջին փուլը 4 ամիս առաջ է մեկնարկել, բայց նախարարությունը դեռ 900 ընտանիքից է հայտ ստացել, որից միայն 30-ն են հաստատվել։ Մյուս հայտերը ուսումնասիրման փուլում են, որոշ դիմումներ չեն հաստատվել։

Արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան շեշտում է՝ տեղահանվածների այս ծրագիրը պետությունը կարող էր իրականացնել՝ ներգրավելով միջազգային ու սփյուռքի դոնորների։

Առաջին փուլով պետությունը ցանկանում է 4 հազար ընտանիքի տնով ապահովել։ Շահառու կարող են դառնալ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի ընտանիքները։

XS
SM
MD
LG