Մատչելիության հղումներ

Վրաստանի ներքին կյանքում շարունակվում է քաղաքական «խառնաշփոթը»


Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, 15-ը ապրիլի, 2024թ.
Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, 15-ը ապրիլի, 2024թ.

Գրեթե մեկ տասնամյակ Հարավային Կովկասում գործող «Չայխանա» վիզուալ պատմությունների հարթակը մոտ մեկ շաբաթ է արդեն չի գործում, քանի որ լրատվամիջոցը չի ցանկանում շարունակել գործունեությունը վերջերս Վրաստանի իշխանությունների ընդունած օրենքի ներքո: Ամռանն ուժի մեջ մտած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ստիպում է ավելի քանի 20 տոկոսով արտասահմանյան ֆոնդերից ֆինանսավորող կազմակերպություններին գրանցվել «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում:

Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների, հակամարտություններից տուժած մարդկանց և նրանց խնդիրների մասին պատմող այս հարթակը ֆինանսավորվում է Արևմուտքից: «Չայխանա»-ի ղեկավար Լիկա Անթաձեն ասում է` պլանավորում են շարունակել աշխատանքը միայն Հայաստանում՝ փորձելով այդ կերպ պահպանել լրատվամիջոցի մի մասը:

«Ի վերջո, օրենքի ամբողջ գաղափարն այն է, որ անկախ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը պարզապես անհետանան, ստիպեն մարդկանց հրաժարվել իրենց ներկայիս աշխատանքից և ստիպված լինեն լքել Վրաստանը», - պնդում է Անթաձեն:

Վրաստանում գործում է ավելի քան 10 հազար հասարակական կազմակերպություն՝ կրթական, բնապահպանական, սոցիալական, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում: Ըստ վերջին հետազոտությունների՝ այդ կազմակերպությունների 95 տոկոսը ֆինանսական հովանավորություն ստանում է հենց օտարերկրյա ֆոնդերից: Ըստ արդարադատության նախարարության, այդ 10 հազարից միայն 476-ն են մինչ օրս դիմել ռեգիստրում գրանցվելու համար: Մյուսներին սպառնում է տուգանք՝ 25 հազար լարի (9200 ԱՄՆ դոլար): Իշխանությունն ունի նաև լիազորություն՝ ստիպելու կազմակերպություններին ենթարկվել օրենքին, իսկ տասն օրվա ընթացքում պահանջը չկատարելու դեպքում նրանք պարտավոր կլինեն վճարել լրացուցիչ 10 հազար լարի (3700 դոլար): Օրենքի համաձայն, նախարարությունն իրավասություն ունի մոնիթորինգ իրականացնել ռեգիստրում գրանցված կազմակերպություններում` տարին երկու անգամ:

«Սա բավականին բարդ շրջան է, քանի որ օրենքը պահանջում է գրանցվել, կամ վճարել բավականին մեծ գումար, հատկապես մեր նման կազմակերպությունների համար, որոնք տարեցտարի պայքարում են կայունություն պահելու համար», - ասում է «Չայխանա»-ի ղեկավարը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նախորդ ամիս ակնարկել էր, թե չգրանցվողները խնդիր ունեն թափանցիկության հետ՝ մեծ մասը մինչև օրենքի գործելը ձախողել է զեկուցել տարեկան հաշվետվությունները:

«Սա վկայում է այն մասին, որ կազմակերպությունների 99 տոկոսը կա՛մ չեն տրամադրում տարեկան տեղեկատվություն, կա՛մ տրամադրում են թերի ինֆորմացիա: Սա ապացուցում է, որ նրանց դիմադրությունն օրենքին ոչ թե պիտակավորման համար է, այլ՝ թաքցնելու, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները», - վստահեցրել էր խորհրդարանի խոսնակը:

Կառավարությունը պնդում է, թե օրենքի նպատակն այդ կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելն է։ Բայց իշխանությանը միայն ֆինանսական միջոցների մանրամասն նկարագրությունը չի հետաքրքրում․ Արդարադատության նախարարությունը կարող է պահանջել նաև անձնական տվյալներ, որոնք առնչվում են կազմակերպության անդամների քաղաքական հայացքներին, էթնիկ պատկանելիությանը, կրոնական համոզմունքներին կամ սեռական կյանքին:

Օրինագծի ընդունումը Թբիլիսիում փողոց դուրս բերեց հազարավոր մարդկանց, որոնք համոզված են, թե Վրաստանն ընդօրինակում է Ռուսաստանին։ Այնտեղ էլ անվնաս թվացող նմանօրինակ օրենքը տարիներ առաջ աստիճանաբար խստացվեց և դարձավ լծակ՝ Կրեմլի ընդդիմախոսներին ու լրատվամիջոցներին ճնշելու համար։

Դեռ մայիսի վերջին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ հրաժարվելով ենթարկվել, իրենց խոսքով` «ռուսական օրենքին»:

Նոր կանոններին իր անհամաձայնությունն է հայտնել նաև «Չայխանա»-ն և մի շարք այլ կազմակերպությունների հետ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Մենք ֆինանսական ձևաթղթեր լրացնելու և ֆինանսական թափանցիկության խնդիր չունենք, մենք օտարերկրյա գործակալի պիտակի և խարանման խնդիր ունենք, դա է հիմնական մտահոգությունը և օրենքի հիմնական նպատակը», - նշում է Անթաձեն և հավելում` մինչև այդ էլ իշխանությունների ձեռքի տակ եղել են կազմակերպությունների ֆինանասական հաշվետվությունները՝ ամսական կտրվածքով:

Վրաստանի արևմտյան դաշնակիցները վերջին ամիսներին շարունակ ընդգծում են՝ նման քայլերով Թբիլիսին կասկածի տակ է դնում իր հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքներին։ Եվրամիությունը, որ անցած տարեվերջին ճանաչել էր Վրաստանը որպես դաշինքի լիիրավ անդամ դառնալու թեկնածու, սառեցրել է բանակցությունները, ինչպես նաև կասեցրել 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը:

Վաշինգտոնն էլ դադարեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը՝ որպես պատճառ բերելով Թբիլիսիի «հակաժողովրդավարական գործողությունները և կեղծ հայտարարությունները» Արևմուտքի դեմ:

Ներքին ու արտաքին այս դժգոհության ֆոնին Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին էլ հայտարարում է երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» հակասահմանադրական ճանաչելու մասին:

Ընդդիմությունն «օտարերկրյա գործակալների» օրինագծի քննարկման առաջին օրերից պայքարում է դրա դեմ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն, Վրաստանում գարնանը սկսված ցույցերի օրերին տասնյակ ակտիվիստներ դաժան հարձակման են ենթարկվել, սակայն իշխանություններն այս ընթացքում հետևողական չեն եղել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, «Ազատությանն» ասաց Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

«Արդեն ամիսներ է ինչ հետաքննությունները շարունակվում են, սակայն իրական գործողություններ չեն եղել այդ բռնությունները կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով. սա ուղերձ է, որ նրանք [Վրաստանի իշխանությունները] շարունակելու են հանդուրժել այդ տեսակի բռնությունները», - կարծում է Դենբերը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, տարածքում եղել են ականատեսներ և տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտար իրավապահներին ցանկության դեպքում բացահայտել ակտիվիստների վրա հարձակված անձանց ինքնությունը:

«Այժմ Վրաստանն արդեն նախընտրական փուլում է. հոկտեմբերի վերջին խորհրդարանական ընտրություններն են, շատ լարված է իրավիճակը, և մենք մտահոգված ենք, որ նմանատիպ քաղաքական բռնությունները կարող են կրկնվել», - ընդգծեց Ռեյչել Դենբերը:

Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի կարծիքով՝ սպասվելիք ընտրության ֆոնին լրատվամիջոցների, քաղհասարակության և ընդդիմության դեմ սահմանափակումները Թբիլիսիին կարող են շրջել ժողովրդավարական ուղուց:

Սոնա Հովսեփյան

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG