Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները քննարկում են նաև Վրաստանի հարցը։ Կոնկրետ որոշումներ չեն ընդունվելու, սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում որոշ միջոցներ կիրառվեն Վրաստանի կառավարության դեմ։
Մինչ հանդիպման մեկնարկը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ ամբողջական վերլուծություն է ներկայացնելու, թե ինչ կարող են անել, և նախարարները քննարկելու են դա։
«Մենք քննարկելու ենք իրավիճակը Վրաստանում։ Մի բան պարզ է՝ Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ հիմա անում է, ապա այդ դռները կփակեն, և Վրաստանի ժողովուրդը կվճարի եվրոպական հեռանկարները սահմանափակվելու, կամ հնարավոր է ընդհանրապես չեղարկվելու համար։ Մենք խոսում ենք լուրջ խնդիրների մասին, եթե այդպես շարունակվի, Եվրամիության դռները չեն բացվի»,- ասել է Բորելը։
Մոտ ապագայի համար նա մի քանի միջոցներ է նշել, որոնք կարող են կիրառվել, օրինակ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցության դադարեցում, բարձր մակարդակի քաղաքական շփումների, հանդիպումների դադարեցնում, Վրաստանի կառավարությանը ուղիղ հատկացվող ֆինանսավորման կրճատում։
Միաժամանակ նա նշել է, որ չեն ցանկանում վնաս հասցնել Վրաստանի բնակչությանը, ցավ պատճառել քաղաքացիական անձանց։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը գտնում է, որ փաստաթղթում պետք է տեղ գտնի նաև Եվրամիությանը Վրաստանի անդամակցության դադարեցման տարբերակը։
«Դա լավ քայլ է՝ ներկայացնել հնարավոր տարբերակների ցանկ։ Ցավոք, տարբերակներ կան, որ չեն նշում, օրինակ՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման դադարեցում, ինչը, կարծում եմ, պետք է ներառվի»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը։
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնեն հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է, որ աջակցում են Վրաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության, անկախության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ճանապարհին։
«Միևնույն ժամանակ, երբ կառավարությունը քայեր է ձեռնարկել ժողովրդի իրական կամքի դեմ, մենք պետք է մտածենք իշխանությանը դիմակայելու միջոցների մասին, բայց նաև պահպանել ժողովրդի հույսը։ Միջոցներ կան, օրինակ՝ մենք կարող ենք դժվարացնել վրացի բարձրաստիճան չինովնիկների մուտքը Եվրոպա, դա կարող է նշանակել պատժամիջոցներ։ Միջոցներ, որոնք կոնկրետ վերաբերում են Վրաստանի կառավարությանը, այլ ոչ թե ժողովրդին» - ասել է Ֆինլանդիայի արտգործնախարարը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը գրել է, որ Լյուքեսմբուրգի այսօրվա հանդիպմանը որոշում չի ընդունվի, բայց շուտով կարող են կարճաժամկետ միջոցներ ընդունվել։
Իրավիճակը վատթարանալու դեպքում կարճաժամետ սահմանափակումները ենթադրում են անհատական պատժամիջոցներ, վիզաներ նաև դիվանագիտական անձնագրերի համար, ռազմական և հումանիտար օգնության տրամադրման դադարեցում։ Իրավիճակի էլ ավելի վատթարացման դեպքում՝ վիզային ազատական ռեժիմի դադարեցում, որից հիմա օգտվում են Վրաստանի քաղաքացիները 3 ամիս ժամկետով ազատորեն Եվրամիություն այցելելու համար, ինչպես նաև Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման դադարեցում։
Եվրամիության արտգործնախարարների այսօրվա քննարկումների պատճառը Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի ընդունումն է։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր վրացի երեք տասնյակ չինովնիկների և նրանց ընտանիքների անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ։ Խոսքը այն պաշտոնյաների և ուժայինների մասին է, որոնք առնչություն ունեն, մասնակցել են վիճահարույց օրենքի ընդունմանը և խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։
Վրաստանի ներսում տրամադրությունների փոփոխություն չի նկատվում։ Իշխանության ներկայացուցիչները պաշտպանում են օրենքը, ընդդիմությունը՝ դատապարտում։
Մոսկվան, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները գովաբանել են Վրաստանի իշող «Վրացական երազանք» կուսակցությանը օրենքը ընդունելու համար, որի հիմնադիրը և պատվավոր նախագահը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է, ով իր միլարդները դիզել է ռուսական բիզնեսում։
Արևմուտքը քննադատել էր Վրաստանի իշխանությանը ռուսական նմանատիպ օրենք ընդունելու համար։ Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ վիճահարույց օրենքն ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, իսկ 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։