«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը վերջնականապես ուժի մեջ է մտնում։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր ստորագրեց երեք ընթերցում անցած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետոի ենթարկված և խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ արդեն նախորդ շաբաթ հաստատված այս օրինագիծը։
«Ես այսօր ստորագրեցի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը։ Վաղն արդեն այն կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում և դրանից սկսած 60 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունը կմշակի ենթաօրենսդրական այն ակտերը, որոնց հիման վրա էլ այս օրենքը գործելու է։ 60 օր հետո արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունները պարտավոր կլինեն գրանցվել և ներկայացնել 2023 թվականի ընթացքում ստացած իրենց եկամուտների հայտարարագիրը», - նշում էր Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ պնդելով, թե այս քայլով ոչ կառավարական սեկտորի աշխատանքը երկրում անհամեմատ ավելի թափանցիկ կդառնա։
«Այսուհետ հայտնի կլինի, թե ուր է ուղղվում արտերկրից ստացվող ֆինանսավորումը և մենք կտեղեկանանք, որ այդ գումարները երբեմն ծախսվում են արմատական գործունեության վրա, տրամադրվում են նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք վերջին շրջանում զբաղված են ահաբեկմամբ ու սպառնալիքներ հնչեցնելով», - հայտարարում էր Պապուաշվիլին։
Վրաստանի առաջատար ոչ կառավարական կազմակերպությունները այսօր հայտարարեցին, որ չեն պատրաստվում կատարել օրենքի պահանջները և Արդարադատության նախարարության կողմից ստեղծվող հատուկ ռեեստրում որպես օտարերկրյա գործակալներ չեն գրանցվի։
«Այդ դեպքում նրանք նախ ստիպված կլինեն տուգանք մուծել, հետագայում էլ նրանց հաշվեհամարները կարող են արգելափակվել, ինչն անհնարին կդարձնի նրանց գործունեությունը», - ՀԿ-ների հայտարարությանը հակադարձեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ արեց դաշինք կազմել ավելի մանր կուսակցությունների հետ
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, սակայն, կարող է նաև հակառակ էֆեկտ ունենալ՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վրացական ընդդիմության միավորման խթան հանդիսանալով։
Այսօր, հեռավար կապի միջոցով միանալով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ արեց սահմանափակել հավակնությունները և դաշինք կազմել ավելի մանր կուսակցությունների հետ։
«Ես կոչով դիմում եմ «Ազգային միացյալ շարժմանը»՝ հաշվարկեք բոլոր կուսակցությունների վարկանիշները և մեր քվոտաների կեսը տրամադրեք այլ ուժերին։ Այդ քայլը սուր անհրաժեշտություն է, որովհետև հարկավոր է միավորվել, միավորմանը այլընտրանք գոյություն չունի», - հայտարարում էր Սաակաշվիլին։
Վրացական ընդդիմության միավորմանն ուղղված առաջին քայլը կարող է դառնալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից առաջարկված «Վրացական հռչակագրի» տեքստի ստորագրումը։ Նախագահն այս փաստաթուղթը հրապարակել էր նախորդ շաբաթ՝ առաջարկելով, որպեսզի ընդդիմադիր բոլոր ուժերը միանան դրան։
Զուրաբիշվիլիի աշխատակազմում մշակված այս փաստաթղթի համաձայն՝ ընդդիմությունը պարտավորվում է հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը մի շարք բարեփոխումներ կձեռնարկի՝ նախևառաջ չեղարկելով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Բացի այդ, Զուրաբիշվիլին առաջարկում է հոկտեմբերին ընդդիմության հաղթանակի դեպքում որոշ ժամանակ անց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «ազատ և արդար պայմաններով»։ Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները այս փաստաթղթի տակ արդեն իսկ դրել են։ Նրանք, սակայն, ընդգծում են՝ նախագահի կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության ստորագրումը չի նշանակում, թե ընդդիմադիրները առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով են մասնակցելու։
«Այս հռչակագիրը ոչ թե համատեղ գործնական քայլերի, այլ Կրեմլի և Պուտինի հանձնարարությունները կատարող ռուսական վարչախումբը հեռացնելու մասին պայմանավորվածություն է։ Սա միասնականության վկայություն է, բայց ոչ միասնական ցուցակ կամ մեկ միասնական քաղաքական շարժում», - «Վրացական հռչակագրի» ստորագրումից հետո հայտարարում էր «Լելո» կուսակցության ղեկավար Մամուկա Խազարաձեն։
Վրաստանի ընդդիմադիր դաշտում, սակայն, կան նաև այնպիսիները, որոնք ընդհանուր առմամբ, կողմ լինելով հռչակագրի ոգուն՝ համաձայն չեն դրա որոշ դրույթներին։ Նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն, օրինակ, հրաժարվեց ստորագրել այս փաստաթուղթը՝ պատճառաբանելով, թե դեմ է ևս մեկ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու գաղափարին։