Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, այսօր Թբիլիսիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին՝ շեշտելով՝ ԵՄ առաջնդրներն այդ մասին հստակ հայտարարել են Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո։
«Չեմ պատկերացնում, որ Վրաստանն այս տարի առաջ գնա, քայլեր անի, քանի որ Եվրամիության ղեկավարները որոշել են սառեցնել անդամակցության գործընթացը։ Նրանք այժմ համբերատար սպասում են Վրաստանի կառավարության հստակ պարզաբանումներին», - ասում է դիվանագետը։
Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։
«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն ուրիշներ էլ։ Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք այդ օգնությունը կուղղենք քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին»,- ասել է Հերչինսկին։
Դեսպանը նաև նշել է, որ դեռևս հստակ չէ՝ ԵՄ ընդլայնման գործընթացը կտարածվի՞ Վրաստանի վրա, թե՞ ոչ։
Հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները քննարկում էին նաև Վրաստանի հարցը։ Նախքան հանդիպման մեկնարկը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին ասել էր, որ Եվրամիության դռները բաց են Վրաստանի առաջ, բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ հիմա անում է, ապա այդ դռները կփակվեն, և Վրաստանի ժողովուրդը կվճարի եվրոպական հեռանկարները սահմանափակվելու, կամ հնարավոր է ընդհանրապես չեղարկվելու համար։
«Մենք խոսում ենք լուրջ խնդիրների մասին, եթե այդպես շարունակվի, Եվրամիության դռները չեն բացվի», - ասել էր Բորելը։
Նա նշել էր, որ մոտ ապագայում կարող են դադարեցվել Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը, բարձր մակարդակի քաղաքական շփումները, հանդիպումները, կրճատվի Վրաստանի կառավարությանն ուղիղ հատկացվող ֆինանսավորումը։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսն էլ ասել էր՝ փաստաթղթում պետք է տեղ գտնի նաև Եվրամիությանը Վրաստանի անդամակցության դադարեցման տարբերակը։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, իսկ 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։