Մատչելիության հղումներ

Արևմուտքը կյանքի է կոչում Վրաստանին ուղղված զգուշացումները


Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույց Թբիլիսում, մայիս, 2024թ.
Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույց Թբիլիսում, մայիս, 2024թ.

Արևմուտքը սկսեց կյանքի կոչել Թբիլիսիին ուղղված նախազգուշացումները՝ պատժելով Վրաստանին աղմկահարույց որոշումների ընդունման, հակաարևմտյան հռետորաբանության համար:

Վաշինգտոնից հետո այժմ էլ Բեռլինն է հայտարարում Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին՝ պնդելով, որ Թբիլիսին սրընթաց արագությամբ փոխում է արտաքին քաղաքական կուրսը:

Գերմանիայի որոշումն առաջին հերթին կանդրադառնա Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնության վրա, ընդգծում է Թբիլիսիի խոշորագույն ֆինանսական դոնորը հանդիսացող Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։ Ըստ դիվանագետի՝ խոսքը ինչպես նոր պարտավորություններ չստանձնելու, այնպես էլ մի շարք պլանավորված միջոցառումներ չեղարկելու մասին է։

«Գերմանիայի զինված ուժերը չեղարկել են իրենց մասնակցությունը Noble Partner զորավարժություններին։ Մենք չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որը պետք է տեղի ունենար այս ամռանը Բեռլինում», - ասել է դեսպանը:

Շեշտելով, որ Գերմանիայի կառավարությունն այդքանով չի սահմանափակվի, Ֆիշերն ընդգծել է՝ Բեռլինի կտրուկ քայլերը պատասխան են Վրաստանի իշխանությունների «Եվրամիության սկզբունքներին հակասող որոշումներին, հակաեվրոպական հռետորաբանությանը»։

«Վրաստանում դեսպանի պաշտոնն իմ յոթերորդ նշանակումն է, և ես երբեք չեմ տեսել արտաքին քաղաքականությունում նման փոփոխություն, ինչպիսին տեսա այս տարվա առաջին կեսին», - հայտարարել է գերմանացի դիվանագետը:

Դեսպանը նկատի ուներ նախ և առաջ «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքը, որը Վրաստանի իշխող ուժն ընդունեց՝ անտեսելով թե՛ արևմտյան գործընկերների հորդորները, թե՛ Վրաստանում շաբաթներ տևած բողոքի բազմահազարանոց ցույցերը:

«Մենք 30 տարի է ընկերներ ենք, և հանկարծ պարզվում է՝ մենք ֆաշիստ ենք, ահաբեկիչ, գործընկերները նման հռետորաբանություն չեն կիրառում բարեկամների նկատմամբ, իսկ եթե կիրառվում է, բարեկամությունը փոխվում է», -
ընդգծել է Ֆիշերը:

Եվրոպայում Թբիլիսիի երկարամյա դաշնակցի կտրուկ քայլերը հաջորդում են Վրաստանի դեմ Վաշինգտոնի, ապա՝ Բրյուսելի պատժամիջոցներին:

Միացյալ Նահանգները, որն ավելի վաղ վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի մի խումբ պաշտոնյաների նկատմամբ, անցած շաբաթ էլ հայտարարեց, որ չեղարկում է Վրաստանում առաջիկա շաբաթներին նախատեսված վրաց-ամերիկյան զորավարժությունները՝ հատուկ շեշտելով, որ Պենտագոնի այդ որոշումը ևս պայմանավորված է Արևմուտքի հասցեին Վրաստանի իշխանությունների մեղադրանքներով, Եվրամիության անդամակցությանը հակասող օրենսդրության ընդունմամբ։

Այս սկանդալից դեռ չսթափված՝ Վրաստանը Բրյուսելից մեկ այլ հարված ստացավ, որը կասկածի տակ դրեց Թբիլիսիի տասնամյակների գլխավոր նպատակը՝ Եվրոպական դաշինքին անդամակցությունը։ Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին ըստ էության հասկացրեց, որ գործող իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում Եվրամիության դռները Թբիլիսիի համար չեն բացվի՝ սառեցվում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, Վրաստանի պաշտպանության նախարարությունը զրկվում է 30 միլիոն եվրոյի օգնությունից:

«Ամիս առ ամիս մենք շատ հստակ ազդանշաններ ենք ուղարկել, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետևանքներ է ունենալու: Օրենքն ընդունվեց: Հիմա, ցավոք, եկել է հետևանքների ժամանակը։ Այս որոշման, այսպես ասած, առաջին զոհը լինելու են Վրաստանի պաշտպանական ուժերը։ Անձամբ իմ սիրտը ճմլվում է, բայց սա առաջին քայլն է, կլինեն նաև հաջորդները», - ասել է Գերչինսկին:

Վրաստանի իշխող ուժից խորհրդարանի պատգամավոր Բեկա Դավիթուլիանին, արձագանքելով Բրյուսելի շրջադարձային որոշումներին, շտապեց հավաստիացնել, թե տագնապալի ոչինչ տեղի չի ունենում, Եվրամիության ընդլայնման հաջորդ շահառուն Վրաստանը կդառնա:

«Այս պահին ընդլայնման մեծ ալիք չի ուրվագծվում, երբ այդ ալիքը դառնա իրական, Վրաստանն անպայման մաս կկազմի դրան, համաշխարհային քաղաքականության մեջ շատ բան է կատարվում, և միայն դրանից հետո դասավորվածությունը կհստակեցվի: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում բոլորը կհասկանան և կկարողանան խուսափել այս ժամանակավոր կրքերից ու հույզերից և կսկսեն պրագմատիկ մտածել», - հայտարարել է պատգամավորը:

Ինչ գիտի վրացական երազանք խոստացող իշխանությունը, որ ոչ Վրաստանում, ոչ էլ Արևմուտքում չգիտեն, Դավիթուլիանին փակագծեր չի բացել։

Ընդդիմադիրների ճամբարում, մինչդեռ, ահազանգում են, որ իշխանության հակաարևմտյան արշավի, Ռուսաստանի գովեստին արժանացած քաղաքականության հետևանքով անդառնալի կորուստներ է կրում հատկապես երկրի պաշտպանական ոլորտը։ Այդ մասին մասնավորապես հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան:

«Հիշեցնեմ , որ վերջին երեք տարվա ընթացքում Եվրամիությունը 62 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանի պաշտպանունակության համար։ Այդ գումարներն ուղղվել են Վրաստանի պաշտպանական ուժերի՝ զինվորականների, բուժաշխատողների, ինժեներական ներուժի և կիբերանվտանգության ամրապնդմանը։ Այս օգնությունը տրամադրվել է նաև ոչ մահացու սարքավորումների և այլ անհրաժեշտ ծառայությունների համար։ Ուստի մեր երկրի պաշտպանունակությանն անդառնալի վնաս է հասցվել, և սա «Վրացական երազանք»-ի քաղաքականության արդյունքն է», - ասել է Ակուբարդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG