Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգները դադարեցնում է 95 միլիոն դոլար կազմող օգնությունը Վրաստանի կառավարությանը, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Պետքարտուղարն ընդգծել է, որ հակաժողովրդավարական գործողությունները և «վրաց իշխանությունների կեղծ հայտարարություններն անհամատեղելի են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին»։

Բլինքենը միաժամանակ տեղեկացրել է, որ չնայած դադարեցնում են օգնությունը Վրաստանի կառավարությանը այս գործողությունների պատճառով, սակայն Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ են բերում վրաց ժողովրդին, անկախ լրատվամիջոցների և տնտեսական զարգացմանը։

Պետքարտուղարն ընդգծել է, որ երկու պետությունների միջև 32 տարվա գործընկերության ընթացքում ամերիկացի ժողովուրդը ավելի քան 6,2 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին՝ «օգնելու զարգացնել և ամրապնդել տնտեսությունը և ժողովրդավարական ինստիտուտները»:

  • Հունիսի 4-ին ստորագրված ու վաղվանից ուժի մեջ մտնող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում ընթացող բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։
  • Օրենքի ընդունումից հետո Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։

XS
SM
MD
LG