Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն այսօր էլ կգիշերեն Բաղրամյան պողոտայում. «Վրանային ավանը մնալու է»


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել:

«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», - այսօր երեկոյան հարթակից հայտարարեց Բագրատ սրբազանը։

«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», - նշեց նա՝ հավելելով, որ այսօր որևէ գործողություն նախատեսված չէ, իսկ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու։

«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու, պատրաստվում ենք հունիսի 12 ին», -ասաց սրբազանը՝ շեշտելով նաև, որ վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան։

Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Խորհրդարանի գլխավոր դարպասների դիմաց տասնյակից ավելի վրաններ են տեղադրվել, այստեղ են շարժման առաջնորդներն ու նրանց աջակիցները։

Վրաններ՝ Բաղրամյան պողոտայում
please wait

No media source currently available

0:00 0:00:31 0:00

«Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է կամ իմփիչմենթի գործընթացի առաջին քայլը։ Խնդրում եմ ձեզ օրինական լուծումների, քայլերի մասին հարցնեք պատգամավորներին», - լրագրողների հետ ճեպազրույցում դեռ առավոտյան ասել էր Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ իր առաջադրման մասին այս պահին խոսք չկա։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրին ԱԺ խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Խորհուրդը, սակայն, մերժեց ընդդիմության միջնորդությունը։

Ընդդիմադիր շարժման մասնակիցները երեկ հրապարակից երթով հասան Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը, սակայն, նրանց թույլ չտվեց շարժվել դեպի Դեմիրճյան փողոց: Իրավապահները հիմնավորում էին, թե այդպես կարող է խոչընդոտվել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Այժմ էլ դեպի Դեմիրճյան տանող հատվածը ոստիկանությունը փակ է պահում:

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցից Ազգային ժողովի մուտք տանող հատվածը
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Երեկ երեկոյան դիմելով տեղում իրավապահների գործողությունները համակարգող Հայաստանի ոստիկանապետին՝ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ ոստիկանական մեծաթիվ ուժերը շարժման մասնակիցներին չեն վախեցնի։ Ինչ-որ պահի արդեն հրմշտոց և լեզվակռիվ սկսվեց շարժման առաջնորդի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև:

Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժումն այս ընթացքում երթեր, անհնազանդության ակցիաներ է իրականացրել, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների հետ, հանրահավաքներ անցկացրել ոչ միայն Երևանում, նաև մարզերում: Իսկ երեկվա հանրահավաքին արդեն շարժման առաջնորդը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ:

  • Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։
  • Համաձայն Սահմանադրության՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Եթե ընդդիմությունը ներկայացնի այդ նախագիծը, անհրաժեշտ կլինի 72 ձայն, այսինքն՝ իշխող խմբակցությունից առնվազն 37 պատգամավորի աջակցության կարիք կա։
  • Իշխանական պատգամավորներն անհնար էին համարել, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին հաջողվի ճնշում գործադրել իշխող խմբակցության վրա, որ քվեարկեն ընդդիմության ներկայացրած նախագծերի օգտին։

XS
SM
MD
LG