Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո խոսում են վարչապետի պաշտոնում նրա թեկնածության մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով այսօր երևանյան սրահներից մեկում հավաքվել էին քաղաքական կուսակցությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարի պաշտոնանկությանը հասնելու համար Բագրատ սրբազանը նաև նրանց աջակցությունն է ակնկալում:

Փակ դռների հետևում մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո քաղաքական գործիչները հայտարարում էին՝ վարչապետի ընդունելի թեկնածուն հենց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն է:

Մեսրոպ Առաքելյան, արխիվ
Մեսրոպ Առաքելյան, արխիվ

«Հասարակությունը այս համախմբման կարևոր հանգրվանը տեսնում է, որ սրբազանն առնվազն առաջիկայում, կլինի ժամանակավոր կառավարություն, թե այլ ձևաչափ, բայց սրբազանի առաջնորդությունը մենք համարում ենք, որ գոնե այս փուլում համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է», - հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

Նույնը պնդեց նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Թեև հանդիպումը փակ էր, բայց Սուրեն Սուրենյանցը վստահեցրեց, թե ներկաները երկու հարցում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման և Բագրատ սրբազանի՝ վարչապետի թեկնածության շուրջ ունեն համախոհություն:

Սուրեն Սուրենյանց, արխիվ
Սուրեն Սուրենյանց, արխիվ

«Մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ սրբազանի դեմքով», - ասաց Սուրենյանցը:

Բագրատ արքեպիսկոպոսնի թեկնածությանը կողմ արտահայտվողները նրա առաջադրվելու համար առկա սահմանադրական արգելքը համարում են լուծելի, կարծում են՝ ճնշմամբ կպարտադրեն իշխող ուժին փոխել Մայր օրենքի հոդվածը և հնարավորություն ընձեռել սրբազանին առաջադրվել:

Գործող կարգավորմամբ վարչապետի թեկնածուն պետք է վերջին 4 տարին միայն Հայաստանի քաղաքացի լինի, Բագրատ սրբազանը նաև Կանադայի քաղաքացի է:

Որպեսզի շարժումն ավելի մեծ թափ առնի՝ հանդիպմանը ներկա «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահը համարում է, որ Բագրատ սրբազանը պետք է գնահատական տա ոչ միայն գործող, այլ նաև նախկին իշխանությանը և բացառի նրանց վերադարձը:

Դավիթ Խաժակյան, արխիվ
Դավիթ Խաժակյան, արխիվ

«Եթե խորհրդարական ուժերը, որոնք մեկ անգամ՝ 2021 թվականին Ֆրանսիայի հրապարակի հայտնի այդ ցույցերի ընթացքում, իրենց փորձը կատարեցին և, ըստ էության, շարժումn իր հաջողությանը չհասավ, նշանակում է՝ իրենք պետք է քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ և թույլ տան, որպեսզի սրբազանն, առանց իրենց միջամտության, կարողանա առաջ մղել շարժումը, իսկ սրբազանն էլ իր հերթին, կարծում եմ, եթե հստակ դրա մասին հայտարարի, շարժումը միայն նոր թափ կստանա», - ասաց Դավիթ Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանի այս դիտարկումը զայրացրեց Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանին: Ընդդիմադիր պատգամավորը հիշեց Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցած կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասին, ապա ընդգծեց՝ իրենք բոլոր հարցերում աջակցելու են Բագրատ սրբազանին:

Հայկ Մամիջանյան, արխիվ
Հայկ Մամիջանյան, արխիվ

«Ժողովրդի կողմից իրապես առաջադրված թեկնածուի ընթացքի համար Հանրապետականը և «Պատիվ ունեմ»-ը կանեն անեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից ինչպես անում է, վերջացրած Ազգային ժողովում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչպես կանի», - հայտարարեց Մամիջանյանը։

Մինչ քաղաքական ուժերը խոսում են Փաշինյանի հեռացման դեմ պայքարող Բագրատ սրբազանի թեկնածության մասին, ինքը բարձրաստիճան հոգևորականն ասում է՝ որոշում չունի: Այդ հարցով դեռ պետք է քննարկում ունենա:

Բագրատ սրբազան, արխիվ
Բագրատ սրբազան, արխիվ

«Քաղաքական կուսակցությունները մեր իրենց մտածումները, ըմբռնումները, ցանկություններն են հայտնում, դա որոշում չէ, որևէ ձև որոշում չէ։ Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ՝ հասկանալու համար, ի վերջո, մենք այդպես ենք գնալու, թե այլ ճանապարհով», - ասաց Բագրատ սրբազանը։

Օրվա երկրորդ կեսին «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդը հանդիպեց նաև մշակութային գործիչներին, նախկին զինվորականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG