Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում Կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգ, Ֆեյսբուքում գրում է Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Կա երկու տարբերակ: Կամ փիլոնասառեցվածի հետ միասին սառեցվել են նաև վերջինիս իրավախորհրդատուները, կամ փիլոնասառեցվածը հերթական խաբկանքն է հրամցնում իր սակավաթիվ հետևորդներին: Երկուսն էլ վատ է», - գրում է իշխանական պատգամավորը՝ ակնարկելով ընդդիմադիր շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եկեղեցական ծառայությունը սառեցված լինելու հանգամանքը:
Կառավարության հրաժարականի օրակարգով Ազգային ժողովի նիստ հրավիրելու պահանջը Բագրատ սրբազանը հնչեցրեց այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ:
«Ազգային ժողովի հերթական նիստերի գրաֆիկը հայտնի է լինում դեռ տարվա սկզբին: Ազգային ժողովի կայքում ներկայացված է հերթական նիստերի ողջ ժամանակացույցը ամբողջ տարվա համար: Դեռ այս տարվա հունվարին բոլորիս հայտնի էր, որ հունիսի 11-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ: Հիմա ընդդիմության փիլոնասառեցված առաջնորդը հայտարարում է, որ հունիսի 11-ին իր պահանջով պետք է Ազգային ժողովը նիստ գումարի», - նույն սոցցանցում մեկ այլ գրառում է արել Ջուլհակյանը:
«Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք: Մնում է եզրակացնել, որ փիլոնին զուգահեռ սառեցվել են նաև տրամաբանությունից մնացած վերջին փշրանքները», - ասված է գրառման մեջ:
«Այս իշխանության մեջ տղամարդ չկա», - հայտարարեց փիլոնասառեցվածը: Թերևս պրիվետՌոբի՝ «միակ տղամարդու» սինդրոմը սկսել է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով», - նշված է Արուսյակ Ջուլհակյանի երրորդ գրառման մեջ:
ՔՊ-ական պատգամավորը նաև չորրորդ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է. - «Մի բանում փիլոնասառեցվածն իսկապես անկեղծ է: Նա իսկապես «զոհել» է ամեն բան: Իհարկե ելնելով ոչ թե սկզբունքայնությունից և հայրենասիրությունից, այլ քաղաքական ոտաբոբկության պատճառով: Եվ հիմա, երբ նա գնացել է վա բանկ, և հետդարձի ճանապարհ էլ չկա, ամեն բան անում է իր ձախողումը այլոց վրա բարդելու համար»:
Ջուլհակյանի համոզմամբ՝ հայտարարված 96 ժամից հետո Բագրատ արքեպիսկոպոսը «հայտարարելու է, որ իրեն չհաջողվեց բռնել Ավետյաց երկրի ուղին, քանի որ «ազգուրաց» մարդիկ չմիացան, ինքը ձախողվեց, քանզի խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում չկարողացավ գործարկել իրականում գոյություն չունեցող ընթացակարգը»: «Այս պահին էլ բախում է փորձում հրահրել Ազգային ժողովի դիմաց՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելու և փողոցից առանց խայտառակ լինելու հեռացվելու հույսով», - պնդում է իշխանական պատգամավորը:
«Չեն օգնելու, հեռանալու է սեփական ուժերով՝ գլխիկոր և խայտառակված», - վստահ է Արուսյակ Ջուլհակյանը:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Ծովինար Վարդանյանը, Ֆեյսբուքում մասնավորապես գրում է. - «Վազգեն Գալստանյանի բախում հրահրելու փորձերը խոսում են այն մասին, որ նա քաջ գիտակցում է, որ չի կարող մարդկանց շարունակաբար խաբել կեղծ ու կենացախեղդ օրակարգով: Վատ է, որ չի խորշում մարդկանց իր կեղտոտ օրակարգի մասը դարձնելուց: Չնայած ի՞նչ ունի նա մտածելու՝ արքեպիսկոպոսական անվտանգային բարձիկն ամեն պահի կարող է ապասառեցվել: Մնում է հասկանալ, թե ում է ծառայում պարտնյոր երկրներին մեր պետության վրա բերող «տղամարդը»: