Մատչելիության հղումներ

Օրենքն արգելում է, որ Բագրատ սրբազանն առաջադրվի վարչապետի թեկնածու


Բագրատ սրբազանն առաջնորդում է երթը Երևանում, 10-ը մայիսի, 2024թ.
Բագրատ սրբազանն առաջնորդում է երթը Երևանում, 10-ը մայիսի, 2024թ.

Ո՞վ է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վարչապետի հավանական թեկնածուն։ Ո՞ւմ են տեսնում վարչապետ Փաշինյանի փոխարեն, ո՞ւմ անուններն են քննարկում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առայժմ միայն ակնարկներ է անում. - «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ են քննարկվում»:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդը չի բացառում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությունը, որ աջակցում է իրենց։ Սահմանազատման դեմ պայքարի օրերին էլ Թաթոյանը Տավուշում էր, Երևան հասնող քայլերթին մի պահ միացավ, հետո՝ ցույցին։ Տեսանյութ հրապարակեց, որ քայլում է դեպի հրապարակ։

«Իսկ Արման Թաթոյանի՞ անունը», - լրագրողի այս հարցին Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց. - «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»:

Արդյոք Արման Թաթոյանին կոնկրետ առաջարկ եղե՞լ է, թե՞ պարզապես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է դիտարկում նրա թեկնածությունը։ Շարժման նախաձեռնող խմբից կոնկրետ չեն արձագանքում։ Թաթոյանը, որ մինչ իր թեկնածության քննարկումները լրագրողներին հասանելի էր, չի արձագանքում զանգերին ու նամակներին։ Բայց Ֆեյսբուքում շարունակում է ակտիվ գրառումներ անել՝ քննադատում է ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանների գործելաոճը։

«Տո մարդիկ իմ անունն էլ են քննարկում», - ասում է Բագրատ սրբազանը:

«Այս պահի դրությամբ ես կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պիտի լինի երևի». - Վարդան Օսկանյանը, որ շարժմանն աջակցող պաշտոնաթող դիվանագետների համահայկական խորհրդի կազմում է, առաջարկում է հենց սրբազանի թեկնածությունը։ Ըստ արտաքին գործերի նախկին նախարարի՝ ժամանակավոր կառավարություն ձևավորվի և որոշ ժամանակ անց նոր ընտրություններ լինեն. - «Եվ իրոք այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այն մարդն է, որը սկսել է այս, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի այս հարցերին և նվիրական է այս նպատակները իրականացնելու հարցում»:

Բայց որքան էլ պահանջեն ու առաջարկեն նրա թեկնածությունը, սրբազանը չի կարող առաջադրվել, քանի որ երկքաղաքացի է՝ Հայաստանի ու Կանադայի։ Իսկ օրենքով՝ վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձը։

«Ո՞վ եմ ես առանց քեզ, իմ երկիր օրհնաբեր: Եվ թող ամեն մարդ մտածի դրա մասին: Հետևաբար՝ Կանադայի քաղաքացիությունը կամ տիեզերքի քաղաքացիությունը որևէ նշանակություն չունի ինձ համար այդ իմաստով: Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի, ինչ պահանջված է, դա էլ կլինի», - հայտարարել է Բագրատ սրբազանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2000-ականներին տասը տարի Կանադայում Հայոց թեմի առաջնորդն է եղել։ Եթե նույնիսկ հիմա հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, դարձյալ չի կարողանա առաջադրվել, քանի որ օրենքի պահանջն է՝ թեկնածուն վերջին չորս տարին միայն Հայաստանի քաղաքացի պետք է լինի։ Այսօր էլ անդրադառնալով օրենքի պահանջին՝ նա այսպես է հակադարձել.

«Իսկ եթե էդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն փաստաթղթի դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ էդ փաստաթուղթը չունենալու համար»:

Սահմանադրությունում, ի դեպ, նշվում է միայն հայերենին տիրապետելու մասին, բարձրագույն կրթության մասին խոսք չկա։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էլ News-ի հետ զրույցում մեկնաբանել է օրենքն ու ասել, որ սրբազանը չի կարող առաջադրվել. - «Իրավական առումով դա անթույլատրելի է»:

Չնայած օրենքի արգելքին՝ շարժման առաջնորդն իր թեկնածության հնարավորությունը չի հերքում. - «Հետևաբար՝ ճգնաժամային այսպիսի ծանր վիճակում և պահանջված ինչ-որ արմատական իմաստով փոփոխությունների վիճակում, եթե Տիրոջ կամքն է, որ ամեն ինչ գնա իր ուզելու ճանապարհով, այդպես էլ լինելու է, ոչ մի խնդիր չկա դրա մեջ: Վերստին ու կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության օրենքները ամբողջությամբ խախտվել են, խախտվում են և մինչև այսօր էլ ոտնահարվում են և ըստ էության չեն գործում ներկայիս իշխանության օրոք»:

Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն էլ նույն տեղում է։ Պատգամավորի պակասող մեկ ստորագրության մասին դեռ վերջնական հայտարարություն չկա, որ իմփիչմենթի նախագիծը հասնի խորհրդարանի դահլիճ՝ քննարկման։

XS
SM
MD
LG