Ընդդիմադիրների շարժումը քաղաքական առումով սպառել է իրեն, «Ազատության» հետ զրույցում իշխանականների այս տեսակետը վերահաստատեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Երեկ լրացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ երթով Կիրանցից Երևան հասնելու և Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքն անցկացնելու մեկ ամիսը: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին», - երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Ընդդիմադիր շարժումը երեկ երթով շարժվեց Բաղրամյան պողոտա, երեկոյան այնտեղ վրաններ տեղադրվեցին։ Ցուցարարները գիշերեցին պողոտայում։
Ալեքսանյանի համոզմամբ, շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանն այս ակցիաներով փորձում է բախում հրահրել, որի ընթացքում ինքը face-saving-ի (դեմքը փրկելու) հնարավորություն կունենա՝ պայքարից դուրս գալու համար։
«Այսինքն՝ փորձում է հրահրել բախում՝ մեծ բախում, որի շրջանակներում կցրվի ակցիան և նա հնարավորություն կունենա ասելու, որ «հայ-հայ էր հեղափոխությունը ստացվում էր, սակայն իշխանությունը բռի ուժի մեջ խեղդեց այս համազգային, համատիեզերական շարժումը», - ասաց իշխանական պատգամավորը։
Վահագն Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․