Ազգային ժողովի խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ընդդիմադիր խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։
Սիմոնյանն ասաց, որ դրա իմաստը չեն տեսնում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։
Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե կառավարությունը տապալել է իր իսկ ներկայացրած ծրագիրը, ԱԺ խոսնակը նախ հիշեցրեց, որ հերթական ընտրությունները 2026 թվականին են, ապա շեշտեց՝ քաղաքացին ինքը կտա իր ձայնը 2026-ին և դրանով կասի, թե որքանով է համաձայն ընդդիմության գնահատականների հետ։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։
«Ազատության» հարցին, թե ամսի 17-ի նիստին իշխանականները կգա՞ն, թե՞ կտապալան այն, Սիմոնյանը պատասխանեց․ - «Չգիտեմ, չեմ կարող ասել հիմա»։
Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։
Մինասյանը նաև ասել էր, որ եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։
Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպետ կոչված, իմփիչմենթի հետ։
Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշել են, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» <> «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։