Մատչելիության հղումներ

«Անհնար է»․ իշխող խմբակցությունում վստահ են, որ Բագրատ սրբազանի շարժումը չի հաջողելու


ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյան, արխիվ
ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյան, արխիվ

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կհաջողվի՞ ճնշում գործադրել իշխող խմբակցության վրա, որ քվեարկեն ընդդիմության ներկայացրած նախագծերի օգտին։ Օրինակ, որ վարչապետին անվստահություն հայտնեն, կամ Բագրատ սրբազանին վարչապետ ընտրեն։

Իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի համոզմամբ, դա անհնար է։

«Ես նախևառաջ հնարավոր չեմ համարում, որ Գալստանյանը վարչապետ առաջադրվելու համար թեկուզ կհավաքի 34 թե 36 ստորագրություն, ուր մնաց 72 կողմ ձայն, որպեսզի Սահմանադրության համապատասխան դրույթը փոխվի», - ասաց Վահագն Ալեքսանյանը։

Բագրատ արքեպիսկոպոսն այսօր հանդիպել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ Հանդիպումից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, թե համախոհություն կա, որ ընդդիմության թեկնածուն վարչապետի պաշտոնում Բագրատ սրբազանը լինի։


«Ես հիմա հասկանում եմ, որ հանրային շատ մեծ ճնշում կա, որպեսզի այդ քաղաքական շարժման իմիտացիան դադարեցնեն, ու էդ հանրային ճնշումը առնվազն շատ ավելի լավ տեսանելի է, քան երկքաղաքացիությամբ վարչապետի պաշտոնում նշանակվելը սահմանադրական ճանաչելու էդ իրենց պահանջը», - ասաց Ալեքսանյանը։

Սահմանադրական արգելք կա, որ Բագրատ սրբազանն առաջադրվի, քանի որ նա երկքաղաքացի է, Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում անգամ հնարավոր չէ, օրենքով վերջին չորս տարին միայն Հայաստանի քաղաքացի պետք է լինի։

Ընդդիմադիրները սահմանադրական արգելքը հաղթահարելու տարբերակ են համարում օրենքի այդ դրույթը խորհրդարանում փոխելը։ Այդ նախագիծը, եթե ընդդիմությունը ներկայացնի, անհրաժեշտ կլինի 72 ձայն, այսինքն՝ իշխող խմբակցությունից առնվազն 37 պատգամավորի աջակցության կարիք կա։

Ըստ սրբազանի թեկնածության կողմնակիցների՝ դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ, ինչպես եղավ 2018 թվականին․ Փաշինյանը թեև սահմանադրական խնդիր չուներ, բայց ուներ իշխանության ձայների կարիքը, որ վարչապետ դառնա։ Իշխանական ՀՀԿ-ականները քվեարկեցին Փաշինյանի օգտին։

«Որովհետև 2018 թվականը հենց լավագույն ապացույցն է նրա, որ այն, ինչ իրենք հիմա են առաջարկում, չի կարող լինել, որովհետև 2018 թվականին այն, ինչ ժողովուրդը պարտադրում էր, պարտադրում էր կոնկրետ մարդկանց, ովքեր էսօր փորձում են ժողովրդին իրենց կամքը պարտադրել։ Չեն կարողանալու և հենց այդքանով ամեն ինչ ասված է», - ասաց իշխանական պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանը Սահմանադրությունը խորհրդարանով փոխելու առաջարկին հակադարձում է՝ հիշեցնելով, որ ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվում գտնել մեկ ստորագրություն, որ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը քննարկման հասցնեն։

«Ես համոզմունք ունեմ, որ իրենք նույնիսկ 36 ստորագրություն չեն կարող հավաքել», - ասաց պատգամավորը։

Իսկ իմփիչմենթի գործընթացի մասին Բագրատ արքեպիսկոսը հայտարարեց մայիսի 9-ի հանրահավաքում։

«Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը», - հայտարարեց Բագրատ սրբազանը։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ձայները բավարար չեն։ Մեկ ձայն պակասում է։ Շարժման առաջնորդը հայտարարել էր, թե խոսել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանի հետ, նա էլ չի մերժել, որ կմիանա։ Բայց մինչ օրս ոչ սրբազանը, ոչ էլ ընդդիամդիր խմբակցությունները չեն հստակեցնում՝ Զաքարյանն ինչո՞ւ մինչև հիմա չի միացել։ Իշխան Զաքարյանը «Ազատության» զանգերին էլ մինչ օրս չի պատասխանում։

Բագրատ արքեպիսկոպոսը շարունակում է հանդիպումները քաղաքական ու տարբեր մասնագիտական շրջանակների հետ, մեծ հանրահավաք է խոստանում։

Իշխանական պատգամավորի տպավորությամբ, Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը մարում է։ «Ամեն դեպքում եկեք կարձանագրենք, որ Հանրապետության հրապարակից Սուրբ Աննա եկեղեցու բակ տեղափոխվելը ոչ թե շարժման ընդլայնվելու, մեծանալու մասին է խոսում, այլ ամենայն հարգանքով՝ հառակի մասին է խոսում», - ասաց իշխանական պատգամավորը։

Բագրատ սրբազանից բացի մեկ անուն էլ է շրջանառվում․ մարդու իրավունքնների նախկին պաշտպան Արման Թաթոյանինը։ Բագրատ արքեպիսկոսն էլ չէր բացառել։ Թաթոյանն իր թեկնածության մասին հրաժարվում է մեկնաբանություններ տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG