Մատչելիության հղումներ

Պատերազմի պատճառով Ռուսաստանից ժամանած ընտանիքը հեռանում է նաև Հայաստանից


Երկուսուկես տարի առաջ Օլգա Ելսակովան ամուսնու ու որդու հետ Աստրախանից Հայաստան տեղափոխվեց, երբ Պուտինը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ: Ռուսական զորքերի ներխուժումից երկու-երեք օր անց Ելսակովայի ընտանիքը հասավ Երևան: Սկզբում մայրաքաղաքում, հետո Գյումրիում հաստատվեցին։ Հիմա ընտանիքում տրամադրությունը կրկին ճամպրուկային է՝ առաջիկա օրերին պատրաստվում են Գերմանիա մեկնել՝ վիզան արդեն ստացել են։

Ամեն ինչ նորից սկսելու որոշումը կայացրել են նախ և առաջ անվտանգության նկատառումներով: Օլգան անցած ամիսներին մշտապես մասնակցում էր Կրեմլի դեմ բողոքի ակցիաներին, նախագահական վերջին ընտրությունների օրն էլ հյուպատոսարանի մոտ հարցումներ՝ էքզիթ փոլ էր անում։ Հայաստանում, ասում է, իր պես ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցողները լիարժեք անվտանգ իրենց չեն զգում. մտավախություն ունեն, որ ռուս իրավապահների ձեռքն այստեղ կարող է հասնել:

Նա վստահ է, որ թեկուզ Ռուսաստանից հեռու են, բայց այստեղ հատկապես քաղաքական ակտիվիստներին հետևում են, հետո էլ գուցե հետապնդեն։ Մի քանի օրինակ է բերում, երբ Հայաստանի տարածքում ռուս իրավապահները Դաշնության քաղաքացիների առևանգեցին ու տարան ռազմաբազա: Բացի այդ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է, սահմանահատումների տվյալները բաց են փոխանակման համար:

Ելսակովան պատմում է՝ եղել են դեպքեր, երբ այստեղ գտնվող ակտիվիստին Ռուսաստանում հեռակա դատապարտել են, այդ մասին վերջինս չիմանալով փորձել է սահման հատել, ու նրան պարզապես արգելվել է։ Ռուսաստանից հեռացածների դեմ արշավը չի մարել, նրանց դեմ շարունակ նոր քրեական գործեր են հարուցվում։

ՌԴ վերադառնալու մտադրություն առայժմ չունի, իսկ թե ինչպես կստացվի իրենց կյանքը Եվրոպայում, դեռ հստակ չի պատկերացնում։ Սկսել է գերմաներեն սովորել, որ ավելի հեշտ ինտեգրվի։ Կարծում է՝ Հայաստանը պետք է Ռուսաստանի ուղեծրից դուրս գա, դեպի Արևմուտք նայի։

Առավել մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG