Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել՝ Ինգուշեթիայից Հայաստան փախած կնոջ դեպքով


«Ազատության» հրապարակումից երկու օր անց, ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել պարզելու համար՝ ինչպե՞ս է Ինգուշեթիայից ընտանեկան բռնությունից Հայաստան փախած 21-ամյա կինը ոստիկանական բաժանմունքում մենակ մնացել հորեղբոր հետ, որը վերցրել էր նրա հեռախոսն ու տարել ողջ ինֆորմացիան:

Ինգուշեթիայի իրավապաշտպաններից մեկի հետ հեռախոսազրույցում Ֆաթիմայի հորեղբայրը հպարտացել էր Հայաստանի իրավապահ մարմիններում ունեցած իր կապերով. - «Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ»։

Հայաստանի ապաստարաններից մեկում գտնվող Ֆաթիմա Զուրաբովան ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանի ոստիկանությունում հորեղբայրն իրեն աջակցող ընկեր ունի: Այդ օրը, երբ իրավապահները նրան ոստիկանություն են տարել, հորեղբոր ընկերը դուրս է եկել սենյակից՝ իրեն ու հորեղբորը դեմ առ դեմ թողնելով: Ֆաթիմայի խոսքով՝ երբ ինքը հորեղբորն ասել է, որ սպասում է փաստաբանին ու մինչև նրա գալը չի խոսի, Յուսուբ Զուրաբովը սպառնացել է, թե կպոկի փաստաբանի ականջներն ու ոտքերը, որ չհասցնի օգնության հասնել։

«Հորեղբայրս ընկեր ունի Հայաստանի ոստիկանությունում, անունը Սերգեյ է և կարծում եմ, որ հենց իր միջոցով են իմ մասին ամեն ինչ իմացել։ Եթե ես վերադառնամ, վստահ եմ, վերջս վատ կլինի, ինձ կվնասեն՝ կա՛մ կծեծեն, կա՛մ կսպանեն», - նշել է Ֆաթիման:

Հորեղբայրն Ինգուշեթիայի էկոնոմիկայի նախկին նախարար, Վլադիմիր Պուտինի իշխող կուսակցության անդամ ու նախկին պատգամավոր Յուսուբ Զուրաբովն է: Ինչո՞ւ են հարազատները հայտնվել նույն սենյակում ու ժամերով համոզել, սպառնալիքներ հնչեցրել, հոգեբանական ճնշում գործադրել, որ աղջիկը վերադառնա, ո՞վ էր Սերգեյը, որ օգնել էր Ֆաթիմայի հորեղբորը: Ոստիկանությունից այս հարցերի պատասխանները դեռ չի հաջողվում ստանալ:

Գյումրի այցելած ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, սակայն, տրամաբանական համարեց այն, որ Ֆաթիմայի հորեղբայրը կարողացել է մտնել ոստիկանական բաժանմունք։

«Հարազատները եկել են ոստիկանական բաժին, քանի որ տեղյակ են եղել, որ իրենց հարազատն, ում իրենք փնտրում էին, արդեն հայտնաբերվել է և ներկայացել է բաժին, դա տրամաբանական պրոցես է և ես չէի ցանկանա, որ ընտանեկան բռնության կամ այլ ինչ-որ կոնկրետ հանցագործության դեպքը շեշտադրելով ասեինք՝ ինչպես են հայտնվել: Եղել է դիմում, որ անձը անհայտ կորել է և, բնականաբար, ահազանգողին տեղեկացվում է այդ մասին», - ասաց Արփինե Սարգսյանը:

Նախարարի տեղակալը չհստակեցրեց, թե ո՞վ է Սերգեյ անունով ոստիկանը, որ այդ ողջ ընթացքում աջակցել է ռուսաստանցի ազդեցիկ հորեղբորը, ինչպես նշում է ֆաթիման:

«Սա, մեղմ ասած, իրավական բարդակ է և ամենաթողություն»

«Ստացվում է, որ ցանկացած մեկն առանց որևէ իրավական հիմքի կարող է գալ ՀՀ ոստիկանության հետ օպերացիա իրականացնել և հայտնաբերել իր ուզած քաղաքացուն», - տարակուսած է Ֆաթիմայի իրավունքների պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Առգրավում էին հեռախոսը, այնուհետև տրամադրում այդ կարգավիճակ չունեցող անձին, ոնց որ ոստիկանություն բերման ենթարկված որևէ անձի ես որպես քաղաքացի մտնեմ և նրա հետ ունենամ հնարավորություն շփվելու և ավելին՝ նրա հեռախոսն առգրավեին ինձ փոխանցեին և ես այդ ամբողջ խոսակցությունը կարողանամ վերծանել և ունենամ: Ապօրինությունների մի ամբողջ շարք, որի ուղիղ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Սա, մեղմ ասած, իրավական բարդակ է և ամենաթողություն, դա հանցավոր գործողություն է Ֆաթիմայի նկատմամբ արդեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից», - նշեց Սաքունցը:

Իսկ հորեղբոր ցուցումով հեռախոսն իր ձեռքից վերցնելու վերաբերյալ տեղեկությունը փաստաբանին ուղարկված ձայնագրությունում Ֆաթիման էր պատմել։ Ինգուշեթիայի ՀԿ-ներից մեկի իրավապաշտպանի հետ զրույցում հորեղբայրը հաստատել էր՝ այո, այդ տեղեկություններն, մասնավորապես, թե ով օգնել եղբոր աղջկան դուրս գալ Ինգուշեթիայից, բանկային ինչ փոխանցումներ է արել, ում հետ է խոսել, անձնական ինչ նամակագրություններ ունի, այդ ամենն իր ձեռքի տակ են:

«Այսինքն՝ ոստիկանության կառույցը ոչ թե գործում է օրենքի հիման վրա, այլ անձնական ծառայություն մատուցելու տրամաբանությամբ, իսկ դա իշխանության չարաշահում է», - ասաց Արթուր Սաքունցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից այսօր փոխանցեցին՝ Ֆաթիմայի իրավունքների պաշտպանությունը նոր են ստանձնել, բացի այդ նաև ոստիկանությունում տեղի ունեցածով կզբաղվեն։ Ծառայողական քննության արդյունքները դեռ հայտնի չեն։

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել՝ Ինգուշեթիայից Հայաստան փախած կնոջ դեպքով
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG