Ուկրաինական պատերազմից փախուստի դիմած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի Դմիտրի Սեդրակովը հայտնաբերվել է Ռուսաստանում։ Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ նա կարող է լինել Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սեդրակովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանց թույլտվության ծառայության վայրը լքելու համար: Այս հոդվածով նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Այդ մասին հաղորդում է «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը, որը Սեդրակովի համար հիմա փաստաբան է փնտրում:
39-ամյաՍեդրակովը Ռոստովի մարզից է։ Նա մոտ վեց ամիս է անցկացրել Ուկրաինայում ռուսական բանակի կազմում: Նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել Զապորոժիե շրջանում՝ ուկրաինական բանակի հակագրոհի հիմնական ուղղության գոտում։
Ապրիլին նա փախել է հիվանդանոցից, որտեղ հայտնվել է վնասվածքի պատճառով։ Սեդրակովը թաքնվել է մինչև աշուն, ապա հանձնվել է իշխանություններին։
Իրավապաշտպանները պնդում են, որ նա ձերբակալվել է, սակայն նոյեմբերին կրկին կարողացել է փախչել, երբ նրան տարել են բժշկական հետազոտության։
«Անտառով անցիր» կառույցն օգնել է Սեդրակովին տեղափոխվել Հայաստան: Դեկտեմբերի սկզբին նրան Հայաստանում բերման են ենթարկել:
Ընդ որում, ըստ «Անտառով անցիր» կառույցի հիմնադիր Գրիգորի Սվերդլինի՝ այդ ձերբակալությունն իրականացրել է ռուսական ռազմական ոստիկանությունը, ինչն անօրինական է։
Ըստ հայ իրավապաշտպանների՝ Սեդրակովը Հայաստանում պահվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայյի տարածքում:
Հայաստանի իշխանությունները դա չեն մեկնաբանել։ Սեդրակովի արտահանձնումն առաջին դեպքն է, երբ պատերազմից փախած ռուսաստանցուն արտահանձնել են Հայաստանի տարածքից։