Մատչելիության հղումներ

Ռուսներն ահազանգում են՝ Հայաստանում իրենց հետևում են ռուսական համազգեստով անձինք


Երևան, Հայաստան, արխիվ
Երևան, Հայաստան, արխիվ

Ահազանգեր Երևանում ու Գյումրիում բնակվող ռուսներից. հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությանը դիմած քաղաքացիները պատմել են, որ իրենց հետևում են Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձինք։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ Ռուսաստանի Դաշնության այլախոհ կամ ակտիվիստ քաղաքացիները պատմել են, որ հաճախ են կասկածելի անձանց նկատում իրենց տների մոտ, տեղեկանում, որ հարցուփորձ են արել իրենց մասին։ Իրավապաշտպաններին դիմած քաղաքացիները անվտանգության նկատառումներով դեռ չեն ուզում բացահայտել իրենց ինքնությունը։

«Նույնիսկ մինչև հիմա չգիտենք՝ դրանք ГРУ-ի, ФСБ-ի, ՌԴ ռազմական ոստիկանության կամ ընդհանրապես ովքեր են, մենք գիտենք ընդամենը, վկայողների հաղորդած տեղեկությունների համաձայն, որ Ռուսատանի Դաշնության զինվորական համազգեստով անձինք են», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Օրերս տարածած հայտարարության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգություն էր հայտնել, որ ռուսական զինվորական համազգեստով մարդիկ օգտագործում են չհաշվառված, հայկական պետհամարանիշով մարդատար ավտոմեքենա, որը նախատեսված է բացառապես օպերատիվ հետախուզական գործողությունների համար։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին՝ իրավապաշտպանների հայտարարության մեջ ավտոմեքենայի համարանիշը չի նշվել, երբ իրենց տվյալներ փոխանցվեն, իրենց իրավասությունների շրջանակներում գործողություններ կանեն։

«Ամենահիմնական մտահոգիչ հարցերից մեկն է, որովհետև դա պետք է ստուգի Հայաստանի ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը», - նշեց Սաքունցը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Ռուսաստանի իրավապահներն իրականացնում են արտաքին դիտարկում օպերատիվ հետախուզական գործողություն, ինչն առանց հայաստանյան իրավապահների թույլտվության անօրինական է։ Արդյո՞ք ունեն նման թույլտվություն՝ Հայաստանի դատախազությունից խոստացան, բայց չարձագանքեցին։

«Իհարկե, դա նաև մուլտիպլիկացիայի էֆեկտով կարող է տարածվել նաև հանրության մեջ, որ Պուտինի ռեժիմի քաղաքականության քննադատները, հակառակորդները ներսում առնվազն զգուշություն ունենան, որ կարող են հենց ՀՀ տարածքում թիրախավորվել ՌԴ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից», - հավելեց նա։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ սա գուցե տեղի չունենար, եթե հայաստանյան իրավապահները պատշաճ զբաղվեին ամիսներ առաջ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծառայողների կողմից առևանգված Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովի գործով։ Նա փախել էր հայրենիքից՝ հրաժարվել պատերազմել Ուկրաինայի դեմ։

«Նրանք, ովքեր Սետրակովին օդանավակայանից միանգամից տեղափոխել էին 102-րդ ռազմական բազա, հենց դրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ էինք ներկայացրել, որ եթե պատասխանատվության չենթարկվեն, ապա նման բնույթի ապօրինի գործողությունները կշարունակվեն», - նշեց Սաքունցը։

Նման հետապնդումները նոր չեն՝ երկու տարի է ձգվում. լրագրող Յան Շենկման

Ուկրաինայի դեմ պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան տեղափոխված գրող, լրագրող Յան Շենկմանը պնդում է՝ նման հետապնդումները նոր չեն. - «Դա արդեն երկու տարի է ձգվում, դրա մասին բոլորը գիտեն, երբեն թույլ է, երբեմն ուժեղ, բայց յուրաքանչյուր հակապատերազմյան հավաքի ժամանակ ներկա են նաև ռուսական իրավապահների ներկայացուցիչները, նրանց շատ հեշտ է նկատել։ Վերջերս ծանոթներս էին եկել, ակտիվիստներ են, նրանք էլ էին նկատել, որ իրենց հետևում են»։

Լրագրողն ասում է՝ նրանք չեն թաքնվում, իրենք արդեն գիտեն, թե ինչ տեսք ունեն, դեռ Մոսկվայից են հիշում նրանց շարժուձևը։

«Չգիտեմ, թե ինչ են ուզում, ամենուր է դա տեղի ունենում։ Մենք գիտենք, թե վերջերս ինչ սպանություն տեղի ունեցավ Իսպանիայում, գիտենք, թե այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում ինչ մահափորձեր եղան։ Ճիշտ է՝ այստեղ նման բաներ չեն եղել, բայց այստեղ էլ բացահայտ մարդ են առևանգել։ Վերջին շրջանում այնպիսի զգացողություն է, որ արդեն հետևում են ոչ միայն հայտնի մարդկանց, օրինակ՝ Շենդերովիչ, Դուդ, այլ նաև նրանց, որոնք հայտնի չեն։ Հայաստանում նման հայտնիներ չկան, իրավապահներն իրականում անելիք չունեն այստեղ, բայց, միևնույն է, մեզ հետևում են», - շեշտեց նա։

Շենկմանի կարծիքով՝ իրեն բացահայտ, ուղիղ չեն հետևում, հրապարակումներին ու գրառումներին են ուշադիր։

«Գիտեն՝ ինչով եմ զբաղվում, դա իրենց դուր չի գալիս», - ասում է նա՝ հավելելով, որ սա արդեն իրենց համար սովորական է դարձել, - «Եթե քո ինքնիշխան պետությունում առևանգում են մարդկանց, եթե քեզ մոտ քննչական գործողություններ են իրականացնում առանց քո թույլտվության, միգուցե դա նշանակում է, որ այնքան էլ ինքնիշխան չես։ Ընդ որում, որքան գիտեմ, պետությունը չի էլ բողոքել։ Իրականում ինչ ուզում, այստեղ անում են նրանք»։

Իրավապաշտպաններն ընդգծում են՝ այս հարցով պետք է զբաղվի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Կառույցից միայն առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել իրենց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG