Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. իրավապաշտպան


Լուսանկարում՝ Դմիտրի Սեդրակովը, «Քայլիր անտառով» իրավապաշտպան կազմակերպության Տելեգրամ ալիքից
Լուսանկարում՝ Դմիտրի Սեդրակովը, «Քայլիր անտառով» իրավապաշտպան կազմակերպության Տելեգրամ ալիքից

Մինչ հայաստանյան իրավապահները ստուգում էին, թե արդյո՞ք Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Ռուսաստանի քաղաքացին անօրինական է պահվում Գյումրիի ռուսական ռազմաբազայում, Դմիտրի Սեդրակովը կամքին հակառակ հայտնվեց Ռուսաստանում։

Նրա շահերը պաշտպանող ռուսական իրավապաշտպան կազմակերպությունից ասում են՝ տղամարդն այժմ Դոնի Ռոստովում է՝ զորամասում՝ Ռուսաստանի անվտանգության ուժերի հսկողության տակ։ Սա նշանակում է, որ գործը շատ դաժան է ընթանալու, «Ազատությանն» ասաց կազմակերպության խոսնակ Իվան Չուվիլիաևը։

«Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը Սեդրակովի համար արդեն փաստաբան է գտել, որը նրան դեռ չի այցելել։

«Այս պահին նա գտնվում է Դոնի Ռոստովում, վե՛րջ, նրան հանել են Գյումրիից, նա էլ այնտեղ չէ։ Նա էլ Հայաստանում չէ, այլ այստեղ՝ զորամասում՝ հսկողության տակ, և մենք կարող ենք գուշակել, թե ինչ է լինելու հետո։ Նրան կպահեն այդտեղ, հետո շատ արագ կդատեն, այստեղ ոչ մի գաղտնիք չկա, և չի բացառվում, որ նրա վրա այլ գործեր կկարեն», - ասաց նա։

Չուվիլիաևի խոսքով՝ Սեդրակովը ընդամենը մեկ շաբաթ էր անցկացրել Հայաստանում, Գյումրի էր գնացել՝ հավանաբար մատչելի բնակարան գտնելու հույսով։

«Առանց էքստրադիցիայի մասին որոշում ստանալու տեղի է ունեցել արտադատական էքստրադիցիա, մարդը պահվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբակալվել էր ռուսական իշխանությունների կողմից, որ որևէ առնչություն չի ունեցել բազայի հետ, բազայի ծառայող չի եղել, ձերբակալվել է հենց իրենց ուժերի կողմից, սա արդեն ազդակ էր և նախանշան, որ այս երեկվա օրը տեղի է ունենալու», ասում է Սեդրակովի գործով Հայաստանում զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Ամսվա սկզբին Գյումրիում ռուսական ռազմաբազայի ոստիկանների կողմից Սեդրակովի ձերբակալությունից հետո հայաստանցի իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հրատապ քննել, թե ինչու են ռուսները ստանձնել հայաստանյան իրավապահների գործն ու օրը ցերեկով փողոցից մարդ ձերբակալել։ Իրավապաշտանը նաև խնդրել էր արագ Սեդրակովին դուրս բերել ռազմաբազայի հսկողությունից, որ հանկարծ նրան չարտահանձնեն Ռուսաստան։

Այնինչ, գլխավոր դատախազությունը մինչ օրս դեռ պնդում է, թե ստուգում են իրավապաշտպանի հայտնած տեղեկությունը։

Այսօր կառույցից միայն պնդեցին, թե Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չեն ստացել, չեն քննարկել ու չեն բավարարել։ Ավելին, Սեդրակովի՝ ռուսաստանյան իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման մասին տեղեկություն գլխավոր դատախազությունը չունի։ Այդ դեպքում ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է տղամարդը Գյումրիի ռուսական ռազմաբազայից հայտնվել Ռուսաստանում, այս հարցի պատասխանը դատախազությունը չի տալիս։

Անի Չատինյանն անգործություն է որակում իրավապահների պահվածքը։

«Մինչև ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ օրս զբաղված է ստուգողական գործողություններ իրականացնելով, իր քթի տակ անձն ուղղակի շատ հանգիստ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն ուղղակի ռուսական ուժերի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանով, փաստացի ապօրինի տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, և Հայաստանը ստորագրեց այն դատավճռի տակ, որը վաղը Ռուսաստանում կստանա Սեդրակով Դմիտրի անուն-ազգանունը», - ասաց նա։

39-ամյա Սեդրակովը Ռոստովի մարզից է։ Նա մոտ վեց ամիս է կռվել ռուսական բանակի կազմում, ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ փախուստի դիմել։ Նրան Հայաստան տեղափոխվելու հարցում օգնած «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում օգնել է այլ երկրներ տեղափոխվել 600 ռուսաստանցի զինվորականների, բայց սա առաջին դեպքն էր, որ իրենց աջակցությամբ այլ երկրում հաստատված քաղաքացուն դրսում ձերբակալել են։

XS
SM
MD
LG