Մատչելիության հղումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգում է՝ Գյումրիում ՌԴ երկրորդ քաղաքացին է ձերբակալվել


Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքը, արխիվ
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքը, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ահազանգում է Գյումրիում Ռուսաստանի երկրորդ քաղաքացու ձերբակալության մասին, որին ռուսական 102-րդ բազան ցանկանում է տեղափոխել հայրենիք՝ այնտեղ դասալքության հոդվածով դատելու համար։

Իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Անի Չատինյանն ասում է՝ ժամեր առաջ են տեղեկացել Անատոլի Շչետինինի մասին ու փորձում են կանխել այս զարգացումը:

«Երեկվա դրությամբ ռազմաբազայում ապօրինի առևանգվել և պահվում է Անատոլի Նիկոլաևիչ Շչետինինը, ում Ռուսաստանի Դաշնության կողմից երեկվանից փորձ է արվում, սպասում են, ըստ մեր ստացած ինֆորմացիայի, ինքնաթիռով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելուն: Երեք ամսվա ընթացքում արդեն երկրորդ ահազանգն ենք ստանում նման իրավիճակի, որը իրականում անթույլատրելի է և հանցագործություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չատինյանը՝ շարունակելով. - «Մեր կողմից Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել՝ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքում ՌԴ իրավապահ մարմինները նման գործողություն իրականացնելու իրավունք, իրավասություն չունեն, և պետք է անհապաղ Անատոլի Շչետինինը փոխանցվի Հայաստանի Հանրապետության իրավապահներին»:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ իրավապաշտպան կազմակերպության հաղորդմանը սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս պահին դեռ հարուցված վարույթ չկա։

Անցած տարեվերջին ռուսական բազայի ռազմական ոստիկանները Գյումրիում ձերբակալել էին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որը հրաժարվել էր պատերազմել Ուկրաինայի դեմ ու Հայաստան էր փախել։ Հետախուզվող Սետրակովին շատ արագ տեղափոխեցին ՌԴ, ու թեև իրավապաշտպաններն այն ժամանակ էլ փորձում էին կանխել նրա՛ արտահանձնումը, հայաստանյան իրավապահ մարմինները չմիջամտեցին։

Երեկ ձերբակալված Անատոլի Շչետինինը նույնպես, ըստ փաստաբանի, հրաժարվել է Ուկրաինայի դեմ պատերազմելուց ու ապաստան է գտել Հայաստանում։

Ռուսաստանցի տղամարդու մասին շատ բան հայտնի չէ նույնիսկ իրավապաշտպան կազմակերպությանը՝ ի՞նչ պայմաններում է հրաժարվել կռվելուց, արդյոք ժամկետային կամ պայմանագրային զինծառայո՞ղ է եղել, թե՞ որպես պահեստազորային է զորակոչվել, ինչպե՞ս է հայտնվել Հայաստանում։ Ամեն դեպքում, փաստաբան Չատինյանը ռուսական կողմի գործողություններն անօրինական է համարում:

«Հայաստանի Հանրապետության իրավազորության սահմաններում տեղի ունեցող կամ հավանական տեղի ունենալիք իրադարձությունների հետ, որոնք կապված չեն ռազմաբազայի զինծառայողների և ռազմաբազայի հետ, որևէ իրավական մեխանիզմ, լիազորություն և որևէ այլ տարբերակ՝ միջամտելու կամ այդ շրջանակներում գործողություններ իրականացնելու, լիազորություն չունեն: Այն, ինչ տեղի ունեցավ և՛ Սետրակովի դեպքում, և՛ հիմա այս դեպքում, սա ապօրինի է և վերազանցում է իրենց լիազորությունների շրջանակները», - ընդգծեց Անի Չատինյանը:

Շեշտում է՝ եթե հետախուզվող անձ կա, ապա պարտավոր են դիմել հայ իրավապահներին. - «Եթե հայտնաբերել են, չգիտեմ ինչ պայմաններով են տեղեկացել հետախուզման մասին, որովհետև դա էլ պիտի չիմանան և դրան էլ դոստուպ (հասանելիություն) պետք է չունենան, բայց եթե ինչ-որ ձևով հայտնաբերվել է, այո, պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, տեղեկացվի իրավապահ մարմիններին, և այլն»:

Ռուսական զինվորական ոստիկաններին կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր հատվածներում, նույնիսկ իրենց տարբերանշանով հատուկ մեքենա ունեն։ Ըստ պայմանագրի, որի հիման վրա նրանք հինգ տարի առաջ տեղակայվեցին Գյումրիում ու Երևանում, ռուսական ռազմական ոստիկանները պետք է վերահսկեն Հայաստանում տեղակայված ռուսական բազայի զինծառայողների կարգուկանոնը։ ՌԴ այլ քաղաքացիների նկատմամբ իրավասություն չունեն։

Անի Չատինյանն ասում է՝ իրավապահները պետք է շատ արագ գործեն, որ չկրկնվի Դմիտրի Սետրակովի հետ տեղի ունեցածը. - «Հիմա հույս ունենք, որ իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության ի սկզբանե կկանխեն տեղի ունեցողը, և չի հասնի այնպիսի զարգացումների, որ անձը իրականում առևանգվի, արտադատական էքստրադիցիայի ենթարկվի»:

Դմիտրի Սետրակովն արդեն մոտ չորս ամիս է Ռոստովի բանտում է, նրան հայրենիքում մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG