Գյումրիում փողոցից առևանգված, ռուսական ռազմաբազայում մի քանի օր իր կամքին հակառակ պահված Դմիտրի Սետրակովին ռուսական բանտում տեսակցել է փաստաբանը, այլ մանրամասներ նրա իրավունքներով զբաղվող "Идите лесом" («Քայլեք անտառով») իրավապաշտպան կազմակերպությունը չի փոխանցում։
Եվ մինչ ռուսաստանյան իրավապահները քննություն են անցկացնում՝ Սետրակովին մեղադրելով ուկրաինական պատերազմից փախչելու համար, հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են բողոքել տեղի իրավապահների անգործությունից։
«Տոտալ անգործություն՝ այսպես կարող եմ բնութագրել տիրող իրավիճակը, որովհետև հաղորդում ներկայացվել է դեռևս դեկտեմբերի 8-ին, անցել է 20 օր, բայց դեռևս հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշում քրեական վարույթ նախաձեռնելու կամ որևէ այլ բովանդակության որոշում չենք ստացել և չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Դեկտեմբերի սկզբին էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգել, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներն օրը ցերեկով փողոցից առևանգել են Ռուսաստանի քաղաքացուն, տարել ռազմաբազա՝ հայտնելով, որ նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անմիջապես դիմում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ու պարզել՝ ինչ իրավունքով են ռազմաբազայի աշխատակիցները իրենց վրա վերցրել հայաստանյան իրավապահների գործառույթներն ու անօրինականություն արել։
Փաստաբան Անի Չատինյանի խոսքով՝ իրավապահները 24 ժամվա ընթացքում պետք է գործ հարուցեին ու պարզեին այս հարցը և միաժամանակ կանխեին Սետրակովի ապօրինի արտահանձնումը։ Բայց մինչ օրս հարուցված գործ չկա, փոխարենը՝ Դատախազությունն արդեն երկու շաբաթ է ստուգում է դիմումի տվյալները, տարակուսում է փաստաբանը։
«Իհարկե, պետք էր շտապ քրեական գործ հարուցված արդեն լիներ, ու այս հանգամանքները արդեն պետք է պարզվելիս լինեին, եթե պարզված չլինեին արդեն, պետք է պարզվելիս լինեին: Առաջնային հարցերն են, թե որ անցակետով է անցել Սետրակովը, ում ուղեկցությամբ, ում թույլտվությամբ, ինչ միջնորդություն, և այլն, ինչ փաստաթղթեր են ներկայացվել՝ այս ամենը», - նշեց փաստաբան Չատինյանը:
Օրերս Ազգային ժողովի նախագահն էր անդրադարձել այս գործին՝ անթույլատրելի համարելով Սետրակովի հետ տեղի ունեցածը։ Մանրամասներ չնշելով՝ Ալեն Սիմոնյանը միայն ասել էր, թե Հայաստանի արտգործնախարարությունը պետք է զբաղվի այս հարցով։
«Դա անթույլատրելի եմ համարում և անընդունելի եմ համարում և կարծում եմ՝ մեր Արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գերատեսչությունը պետք է համապատասխան արձագանք ցուցադրի, որովհետև դա անթույլատրելի է», - նշել էր Սիմոնյանը:
Արդյոք արտաքին գերատեսչությունը որևէ քայլ ձեռնարկել է՝ «Ազատության»-ը չհաջողվեց ճշտել։
Գլխավոր դատախազությունը, որն, իրավապաշտպանների գնահատմամբ, ոչինչ չարեց Սետրակովի արտահանձնումը կանխելու համար, պնդում է, թե նրան հայրենիք վերադարձնելու դիմում ռուսական կողմից չի ստացել, ոչ էլ, բնականաբար, այն բավարարել է։ Ավելին՝ հայտարարեցին, թե տեղեկություն չունեն նրա հետախուզման ու Հայաստանում հայտնաբերելու մասին։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն, իր հերթին, շարունակում է պնդել՝ իրավապահների անգործության պատճառը Ռուսաստանից կաշկանդվածությունն է, իսկ ռազմաբազայի ներկայացուցիչներն իրենց ապօրինությամբ կասկածի տակ են դրել Հայաստանի անկախությունը:
«Հայաստանի իրավապահ մարմինները աչք են փակում։ Աչք կփակեն այս դեպքի վրա՝ վաղը-մյուս օր կարող է Հայաստանի քաղաքացու ձերբակալեն, վաղը-մյուս օր կարող է ավելի լկտիանան՝ ուրիշ բաներ անեն: Ընդ որում՝ սա նաև արդյունք է նրա, որ 15 թվականի հունվարին Պերմյակովի դեպքով Հայաստանի իրավապահները աչք փակեցին որոշ բաների վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:
39-ամյա Սետրակովը Ռոստովի մարզից է։ Որպես պայմանագրային՝ նա մոտ վեց ամիս է կռվել ռուսական բանակի կազմում, ապա, ըստ «Ազատության» ռուսական ծառայության, փախուստի է դիմել։ Նրան Հայաստան տեղափոխվելու հարցում օգնած «Քայլեք անտառով» իրավապաշտպան նախագիծը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում օգնել է այլ երկրներ տեղափոխվել 600 ռուսաստանցի զինվորականների, բայց սա առաջին դեպքն էր, որ իրենց աջակցությամբ այլ երկրում հաստատված քաղաքացուն այնտեղ ձերբակալել են։