Լիբանանի հարավային շրջանների՝ Իսրայելի ռմբակոծության հետևանքով հայ համայնքից տուժածների մասին այս պահին հայտնի չէ, բայց ինչպես Լիբանանի ողջ բնակչության, այնպես էլ հիմնականում Բեյրութում կենտրոնացած հայերի համար վերջին օրերն անորոշության ու տագնապի շրջան է։
«Եկեք ու տեսեք՝ 4 հազար, 8 հազար վիրավոր, 500 մահ՝ մեկ օրվա մեջ, եթե շարունակվի այս ընթացքը, ինչքանո՞վ պիտի կարողանա պետությունը, որ արդեն փող էլ չունի այս բանկային ճգնաժամից հետո, և օգնություն էլ չկա, ոչ մեկն էլ չի մտահոգված Լիբանանով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեյրութում բնակվող բժիշկ Գոսդան Յափուջյանը։
Լիբանանում «Հեզբոլա» զինված խմբավորման դիրքերին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 550-ը, հարավից մարդիկ զանգվածաբար գաղթում են դեպի ավելի ապահով շրջաններ։ Զոհեր, հազարավոր վիրավորներ ու ներքին տեղահանվածներ Լիբանանում մի ժամանակահատվածում, երբ այդ երկրում արդեն կար ֆինանսատնտեսական խորը ճգնաժամ։ Դրան էլ գումարվեց պատերազմն ու ապատեղեկատվության պատճառով տարածվող խուճապը, նկարագրում է Գոսդան Յափուջյանը։
«Խուճապի են մատնվում, հետո լուրեր են տարածվում՝ էստեղ են խփելու, էնտեղ են խփելու, երբ այդ հոգեբանական պատերազմը տանում է արդեն Իսրայելը: Նույնիսկ եթե մենք մեր հայկական թաղամասերում ռումբի ձայն դեռ չենք լսել, օդանավ չկա, էս չկա, էն չկա, խուճապային վիճակ է, լուրերը նայում ես՝ հարավը դատարկվում է, մարդիկ գալիս են, պատմում են, ու չես կարող մի բան ասել, մխիթարել, ինչ անել», - նշեց լիբանանահայ բժիշկը:
Երկրի դպրոցների մեծ մասում դասերն ընդհատվել են, շենքերը վերածվում են ներքին տեղահանվածների համար կացարանների, պատմում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ ընդգծելով, որ ճգնաժամի կառավարմամբ զբաղվում է մի կառավարություն, որի գլխին էլ որևէ մեկը չկա։
«Գիտեք, խորհրդարանին չի հաջողվում համաձայնել, միավորվել և ընտրել նոր նախագահ, երկար ժամանակե ի վեր նախագահ չկա, կառավարությունը հրաժարական է տվել, վարչապետը և մնացած նախարարները աշխատում են սահմանափակ իրավասություններով և լիազորություններով, ընդհանրապես զբաղվում են ընթացիկ աշխատանքներով», - «Ազատությանն» ասաց Քանդահարյանը:
Ճգնաժամային կառավարման, գրեթե կազմաքանդված պետական ինստիտուտների ու կաթվածահար տնտեսության պայմաններում, Քանդահարյանի կարծիքով, մասնատված է նաև լիբանանյան հասարակությունը։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը հիմա միանշանակ աջակցություն չունի Լիբանանի 5-միլիոնանոց հասարակության կողմից։
«Բոլորը չէ, որ համաձայն են այս դիմադրության, բայց պետության դիրքորոշումը, կառավարության, կարելի չէ միանշանակ ընկալել, որովհետև ընդհանրապես նաև կառավարությունը անդամալույծ վիճակի մեջ է», - ընդգծեց «Ազդակ»-ի խմբագիրը:
2006-ին Իսրայելի ու «Հեզբոլա»-ի՝ 34 օր տևած պատերազմի ժամանակների համեմատ հիմա Լիբանանում մթնոլորտն այլ է, համաձայն է նաև լիբանանահայ լրագրող Սագո Արեանը։
«Բարյացակամությունը, որ «մենք մեր տները կբանանք, եկեք, պատսպարվեք, փրկվեք», առաջվա այդ ընթացքը չկա, որովհետև 2006-ի պատերազմից հետո, որ, ասենք, չակերտով՝ «Հեզբոլա»-ն հաղթանակ տարավ, այդ իր միավորները օգտագործեց ի դեմս Լիբանանի պետության, առնվազն Լիբանանի մեկ խավին, որ այսօր «Հեզբոլա»-ի դեմ է: Եվ այս սպասողականության մեջ, ճիշտ է, մարդիկ կոչեր են հնչեցնում, որ «մեկ ժողովուրդ ենք», և այլն, և այլն, բայց կա խորքային խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արեանը:
Անակնկա՞լ էին արդյոք լիբանանցիների համար Իսրայելի հարվածները. ոչ, վստահ է Արեանը, ավելին՝ լիբանանցիները, այդ թվում՝ այնտեղ ապրող հայերը, վերջին ամիսներին գրեթե ամեն օր սպասում էին հնարավոր հարվածների։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե երկիրն ու մարդիկ պատրաստ էին այս ճգնաժամին։
«Արդեն հինգ ամիսե ի վեր լիբանանցին ամեն օր արթնանում է այս հարցումը տալով՝ այսօ՞ր պիտի խփեն, վա՞ղը պիտի խփեն, ե՞րբ պիտի խփեն: Մարդիկ հետաձգեցին իրենց ամառային արձակուրդները նույնիսկ, տարբեր առումներով, նաև քրիստոնեական շրջաններում մտավախություններ կան, վախեր կան», - ասաց լիբանանահայ լրագրողը:
Եթե 2006-ին Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ու Իսրայելի պատերազմի հետևանքով Լիբանանում մեկ ամսում զոհվեց մոտ 1200 քաղաքացիական անձ, ապա երեկ միայն մեկ օրվա իսրայելական հարվածներից զոհերի թիվն արդեն ավելի քան 550 է։ Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութ, իսկ մի քանի եվրոպական ընկերություններ հետաձգել են թռիչքները նաև դեպի Թել Ավիվ ու Թեհրան։