Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 558-ի, այդ թվում՝ 50 երեխա, 94 կին, վիրավորվել է 1835 մարդ, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը։
Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ «երեկվա հարձակումների ժամանակ սպանվածների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, անզեն մարդիկ էին իրենց տներում»:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սեպտեմբերի 23-ն ամենամահաբեր օրն են համարել, իսկ հարձակումն ամենազանգվածայինը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։