Մատչելիության հղումներ

Տեխնոլոգիական սարքերի պայթյունները վախի մթնոլորտ են ստեղծել Լիբանանում


Լիբանան - Հուղարկավորության արարողության ժամանակ պայթյունին հաջորդած իրարանցումը, Բեյրութ, 18-ը սեպտեմբերի, 2024թ.
Լիբանան - Հուղարկավորության արարողության ժամանակ պայթյունին հաջորդած իրարանցումը, Բեյրութ, 18-ը սեպտեմբերի, 2024թ.

Երկու օրում երկրում առնվազն 32 մարդ է զոհվել, 3.5 հազարը՝ վիրավորվել:

Փեյջերներից հետո պայթեցին ռադիոսարքավորումներ, այլ կերպ ասած՝ վոքի-թոքիները․ Լիբանանում երկու օր շարունակ տեխնիկական տարբեր սարքերի պայթյունների հետևանքով մի քանի տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխաներ, հազարավոր վիրավորներ։

«Սա դաժան հարված էր։ Այս գործողությամբ թշնամին հատեց բոլոր կարմիր գծերը», - «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան քիչ առաջ հայտարարեց այս մասին՝ մեկնաբանելով խմբավորման կապի սարքերի վրա հարձակումը։

«Հեզբոլա» զինված խմբավորումը, որին աջակցում է Իրանը, ավելի վաղ հայտարարել է, որ պայթած փեյջերները խմբավորման տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին էին պատկանում, և հաստատել է 8 անդամների մահը:

Ռադիոսարքավորման պայթյուններից մեկը երեկ տեղի էր ունեցել նախորդ հարձակման զոհերից մեկի հուղարկավորության վայրում։

Ընդհանուր առմամբ, Լիբանանի առողջապահության նախարարության թարմացված տվյալների համաձայն, գաջեթների պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ավելի քան 3 հազար 500-ը վիրավորվել են:

Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը պայթյուններին։ Պաշտպանության և հետախուզության 12 ներկայիս և նախկին պաշտոնյաներ, սակայն, The New York Times-ի հետ զրույցում որոշ մանրամասներ են բացել՝ ակնարկելով, որ Իսրայելը բարդ և երկարատև աշխատանք է տարել և պատրաստվել է այս հարվածին։

«Լիբանանցիների համար պայթյունների երկրորդ ալիքը նախորդ օրվա դասի հաստատումն էր. նրանք այժմ ապրում են մի աշխարհում, որտեղ ամենատարածված կապի սարքերը կարող են վերածվել մահվան գործիքների», - անանունության պայմանով լրատվամիջոցին ասել են պաշտպանության և հետախուզության ներկայիս և նախկին պաշտոնյաները՝ ընդգծելով՝ Իսրայելը միլիոններ է ներդրել տեխնոլոգիայի զարգացման համար։

Լիբանանի անվտանգության մարմինների բարձրաստիճան աղբյուրը սլաքներն ուղղում է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության վրա։ Ըստ երևույթին մինչև 3 գրամ պայթուցիկ է տեղադրվել 5 հազար փեյջերների մեջ: 3 հազարը պայթել են երեքշաբթի օրը, երբ նրանց կոդավորված հաղորդագրություն է ուղարկվել:

Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իսրայելական զորքերի առջև ելույթ ունենալիս թեև ոչինչ չասաց պայթուցիկ սարքերի մասին, սակայն բարձր գնահատեց Իսրայելի բանակի և անվտանգության մարմինների աշխատանքը՝ ընդգծելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»:

Reuters-ի հետ զրույցում Իսրայելի հետախուզական ծառայության նախկին զինվորականն ասել է, որ առաջ շարժվող աշխարհում պատերազմում միայն տանկեր ու ինքնաթիռներ չեն օգտագործվում։ «Իհարկե, ես ոչինչ չգիտեմ այդ մասին, և նույնիսկ եթե իմանայի, չէի կարող որևէ բան ասել, բայց ինձ համար երեկվա տեղի ունեցածը կարողությունների հիանալի օրինակ է: Եթե ինչ-որ մեկը երեկ կամ այս իրադարձության նախորդ օրը ձեզ ասեր, որ նման բան կարող է տեղի ունենալ, դուք կասեիք՝ «հնարավոր չէ», գիտաֆանտաստիկ ֆիլմից է։ Ես կարծում եմ, որ տեխնոլոգիայի կիրառումը պատերազմում գնալով ավելի ու ավելի է շատանալու», - հայտարարել է Reuters-ի զրուցակիցը:

Սպիտակ տունը բոլոր կողմերին հորդորել է խուսափել էսկալացիայից։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ «Լիբանանում մեկ այլ ճակատի բացումը կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չգիտի հարձակումների մասին։

Եվրամիությունը ևս դատապարտել է էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթյունները Լիբանանում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ քաղաքացիական բնակչությունը զգալի վնասներ է կրել այդ հարձակման հետևանքով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի սեպտեմբերի 20-ին՝ քննարկելու այս պայթյունները, ասել է ՄԱԿ-ում Սլովենիայի դեսպան Սամուել Ժբոգարը։

Ռադիոսարքավորումների երեկվա պայթյուններից հետո հետաքննություն է սկսել ճապոնական Icom ընկերությունը․ պայթած սարքավորումների վրա, ըստ լուսանկարների, ընկերության տարբերանշանն էր։

Icom Inc.-ը հայտարարել է՝ հնարավոր չէ հաստատել, թե այդ ռադիոարտադրանքն ընկերությո՞ւնն է առաքել, թե՞ ոչ, ավելացնելով՝ սարքը գործարկելու համար պահանջվող մարտկոցների վաճառքը դադարեցվել էր մոտ 10 տարի առաջ, և դրանք արդեն սպառվել են։

Ընկերությունը հավելել է, որ արտասահման արտահանվող արտադրանքը Ճապոնիայի կառավարության կողմից սահմանված կարգավորիչ խիստ գործընթացի միջով է անցել:

«Ահա իմ ձեռքում պայթած սարքի սև ու սպիտակ նկարն է։ Հոլոգրաֆիկ նշան պետք է լիներ այստեղ: Փաստը, որ այն չկա, նշանակում է, որ մենք չենք կարող որոշել, թե արդյոք սա իսկական է», - Օսակայում գործող անլար կապի սարքերի արտադրող Icom-ի տնօրեն Յոշիկի Էնոմոտոն է բացատրել:

Փեյջերների պայթյուններից հետո արված լուսանկարներում էլ թայվանական Gold Apollo ընկերության տարբերանշան է երևում: Սակայն այդ ընկերությունից հերքել էին, թե փեյջերներն իրենք են արտադրել՝ պնդելով, որ դրանք իրենց անվան և բրենդի ներքո արտադրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերությունը:

Հունգարիայի կառավարությունը հաղորդել է, որ ընկերությունն «առևտրային միջնորդ է, Հունգարիայում արտադրական կամ գործառնական հարթակ չունի»:

Իրանի կողմից աջակցվող խմբավորումները, ինչպիսին «Հեզբոլա»-ն է, առաջին անգամ չեն խոցելի բարձր տեխնոլոգիաների միջոցով։ The New York Times-ը գրում է, որ 2020 թվականին Իսրայելը սպանեց Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականին՝ օգտագործելով արհեստական ինտելեկտ ունեցող ռոբոտին, որը հեռավար կառավարվում էր արբանյակի միջոցով: Իսրայելը նաև հաքերային հարձակում է կիրառել Իրանի միջուկային զարգացումը կասեցնելու համար:

«Հեզբոլա»-ի ղեկավար Հասան Նասրալան ավելի վաղ հորդորել էր հրաժարվել հեռախոսներից, բջջային ցանցերից. - «Դուք ինձ հարցնում եք, թե որտեղ է գործակալը։ Ես ասում եմ ձեզ՝ եթե հեռախոսը ձեր ձեռքերում է, ձեր կնոջ և ձեր երեխաների ձեռքերում է, ապա հենց այդտեղ է գործակալը: Թաղեք այն, դրեք այն երկաթե տուփի մեջ ու կողպեք»։

Իսկ այս ընթացքում տեխնոլոգիական սարքերի պայթյունները վախի մթնոլորտ են ստեղծել Լիբանանում։ The New York Times-ն է գրում՝ ինչպես մի կին երեկվա պայթյունների ժամանակ մոտեցել է լրագրողին, խնդրել, որ տա հեռախոսը՝ երեխաներին զանգահարելու համար: Միակ նախադասությունը, որ կինն ասել է երեխաներին, հետևյալն էր՝ «հենց հիմա անջատեք ձեր հեռախոսները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG