Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղարը Թբիլիսիում հանդիպումներ է ունենում՝ շոշափելով նաև առաջիկա ընտրությունների թեման


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային, Թբիլիսի, 11-ը հուլիսի, 2024թ.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային, Թբիլիսի, 11-ը հուլիսի, 2024թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական պաշտպանության հարցերով տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիում մի շարք հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Այդ հանդիպմանը Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը երբեք չի եղել ռուսամետ և չի լինի, և որ Վրաստանի ժողովրդի մեծամասնությունն ընտրում է եվրոպական ուղին։ Խոսակցություն է բացվել նաև առաջիկա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, և նախագահն ասել է, թե Վրաստանի ժողովուրդը ևս մեկ անգամ կհաստատի իր եվրոպական ուղին։

Ըստ Վրաստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխպետքարտուղարն ասել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական փոփոխությունները սպառնալիքի տակ են դրել երկրի եվրատլանտյան ուղին։

Ուզրա Զեյան նաև անջատ հանդիպումներ է ունեցել քաղհասարակության ներկայացուցիչների, իշխող «Վրացական երազանք»-ի և ընդդիմադիր կուսակցությունների կին առաջնորդների հետ ու այդ հանդիպումների մասին սոցցանցում համառոտ գրառումներ կատարել։

Մասնավորապես, նա գրել է, որ «Վրացական երազանք»-ի կին առաջնորդների հետ հանդիպմանը խոսել է ժողովրդավարական նորմերը և մարդու իրավունքները պաշտպանելու կարևորության մասին։ «ԱՄՆ-ն ուժեղ աջակցում է Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան ձգտումները, սակայն «Վրացական երազանք»-ի գործողությունները դանդաղեցրել են այդ նպատակին հասնելու պրոցեսը։ Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել հակաժողովրդավարական գործողությունները և ԱՄՆ-ի դեմ ապատեղեկատվությունը», - նշել է Զեյան։

Ընդդիմադիր կուսակցությունների կին առաջնորդների հետ հանդիպումից հետո փոխպետքարտուղարը գրել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների՝ ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան։

ԱՄՆ-ում Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Վրաստանին վերաբերող ակտին (MEGOBARI Act), որը ներկայացվելու է լիագումար նիստին։ Այն Վրաստանում ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելու ԱՄՆ-ի քաղաքականության մասին է։ Արձագանքելով ժողովրդավարական արժեքներից նահանջելու Վրաստանի կառավարության քայլերին, օրինագիծը կոչ է անում ուժեղացնել վերահսկողությունը Վրաստանի կառավարության գործողությունների, ինչպես նաև Ռուսաստանի և ավտորիտար այլ ռեժիմների հետ Վրաստանի կապերի վրա։ Այն նաև նախատեսում է աշխատանքային մոնիթորինգային խմբի ստեղծում՝ մասնավորապես ընտրությունների ժամանակ արդար և ազատ գործընթաց ապահովելու համար։

Շարունակվում են Վրաստանի կառավարությանը ուղիղ ֆինանսավորումից զրկելու քայլերը։

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրին հայտարարել է, որ Փարիզը դադարեցնում է Վրաստանի կառավարության ֆինանսավորումը։

«Եվրոպական խորհուրդը հունիսի 27-ին եզրահանգել է, որ Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը փաստացի դադարեցվել է, դա Վրաստանի կառավարության որոշման արդյունք է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել ուղիղ օգնությունը Վրաստանի բյուջեին և ուժեղացնել օգնությունը քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին», - ասել է նա։

Դեսպանի հայտարարության առնչությամբ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին տարակուսանք է հայտնել՝ պնդելով, որ բյուջեն ուղիղ օգնություն չի ստանում Ֆրանսիայից։

Ավելի վաղ Վրաստանում Եվրամիության և Գերմանիայի դեսպաններն էին հայտարարել Բրյուսելի և Բեռլինի ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կառավարության երեկվա նիստում արձագանքելով Արևմուտքի վերջին շրջանի որոշումներին, ափսոսանք է հայտնել՝ ասելով, թե դրանք չեն համապատասխանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները վերբեռնելու Թբիլիսիի ակնկալիքներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG