Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այսօր ժամանել է Վրաստան։
Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Վրաստանում է՝ ընդգծելու ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև ժողովրդին ու իրենց ազատ կամարտահայտությանը։
«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների շուրջ, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան», - գրել է Զեյան։
Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, իսկ 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
Նախօրեին Պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Ուզրա Զեյան կհանդիպի Վրաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կվերահաստատի ԱՄՆ լուրջ մտահոգությունները «օտար ազդեցության» և այլ ոչ ազատական օրենքների, ինչպես նաև Վրաստանի կառավարության այն հռետորաբանության վերաբերյալ, որոնք վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ճանապարհը։
Թբիլիսիից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարջորդ կանգառը Երևանն է։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա կհանդիպի պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև նրա այցը «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։
2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 2019 թվականին ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն էին հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն։