Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի առաջ, եթե այն շարունակի ներկայիս քաղաքական ընթացքը. Բորել


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Եվրամիությունը կփակի դռները Վրաստանի առաջ, եթե այդ երկրի կառավարությունը շարունակի ներկայիս քաղաքական ընթացքը, ԵՄ Խորհրդի նիստին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի առաջ: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ հիմա է անում, այդ դռները կփակվեն»,- ասել է բարձր հանձնակատարը նշելով, որ Վրաստանի ժողովուրդը պետք է վճարի իր կառավարության գործողությունների համար:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրանից բխող ԵՄ հնարավոր քայլերը:

«Քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեմ հանդիպումից հետո»,- ավելացրել է Բորելը:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն օրենսդիրները մայիսի 28-ին քվեարկությամբ այն շրջանցել են, և նախագիծը մտել է ուժի մեջ:

Օրենքը ենթադրում է, որ դրսից 20 և ավելի տոկոսով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: ՀԿ-ներից շատերն արդեն հայտարարել են, որ չեն ենթարկվի պահանջին:

Պարտավորությունը չկատարողների նկատմամբ կսահմանվեն տուգանքներ՝ մինչև 25 հազար լարի, ինչը հավասար է մոտ 8 հազար 700 ԱՄՆ դոլարի: Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման ամեն ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար):

Քննադատների համոզմամբ, «ռուսական» անունը ստացած այդ օրենքն իշխանություններին կտա անկախ ՀԿ-ների և մամուլի գործունեությունը խիստ սահմանափակելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG