«Մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա, չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա՝ իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի», - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունից ուղիղ 2 տարի է անցել, բայց ադրբեջանական ուժերը չեն հեռացել Ջերմուկի մատույցներից։
Ինչո՞ւ Էդվարդ Ասրյանի հավաստիացումներն այդպես էլ իրականություն չդարձան և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանման հացն ու ջուրն անցած 2 տարվա ընթացքում այդպես էլ չվերջացավ և նրանք ետ չքաշվեցին։ Այս հարցը բազմիցս է տրվել Էդվարդ Ասրյանին, սակայն կոնկրետ բացատրություն այդպես էլ չի հնչել։
Վերջին անգամ հարցից նյարդայնացած Գլխավոր շտաբի պետը լրագրողներին հորդորեց միասին Ջերմուկ գնալ։
Երկու տարի առաջ հենց այս օրը՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ հարձակում գործեց։ Կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, անօդաչու թռչող սարքեր և խոշոր չափի հրաձգային զինատեսակներ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Միայն Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները մխրճվեցին 8.5 կմ լայնության ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ:
Այսօր էլ ադրբեջանական զինուժը առողջարանային քաղաքից մոտ 4 կիլոմետրի վրա է։
Ադրբեջանական զինուժն, ըստ Գլխավոր շտաբի, Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ մոտ 2 կմ խորացավ։ Որոշակի դիրքային առավելություն ձեռք բերեցին Գեղարքունիքում՝ Շորժաների ուղղությամբ։
Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 224 զոհ տվեց։ Ավելի ուշ ԱՄՆ-ը միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց այս գործողությունների հետևանքով գերեվարված 17 ռազմագերիների։ Այդ օրերին գերության մեջ հայտնված հայ զինծառայողների կանխամտածված սպանության մասին ադրբեջանական սոցիալական հարթակներում տեսանյութեր հայտնվեցին։
Դրանց իսկությունը հաստատեց Հայաստանի օմբուդսմենը՝ հայտարարելով՝ գերեվարված հայ զինծառայողների սպանությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին։ Սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող զինծառայողների մարմինները, ադրբեջանական կողմը տևական ժամանակ թույլ չէր տալիս դուրս բերել իր հսկողության տակ անցած տարածքներից։
Վերին Շորժայի դիրքերում զոհված 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանի և Կուտականի միջդիրքային հատվածում մնացած 33-ամյա պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանի մասունքները ադրբեջանական կողմը հարազատներին փոխանցեց գրեթե 2 տարի անց, այս տարվա հունիսին։ Բաքուն սա մարդասիրական քայլ որակեց։
Այն, որ Ադրբեջանը 2021-ից մինչև 2022 թվականներն իրականացրած ագրեսիայի հետևանքով օկուպացրել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք, առաջին անգամ հրապարակավ հայտարարեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։
«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։
Մինչև այդ, նաև դրանից հետո Հայաստանի իշխանությունները հրապարակավ չեն կոնկրետացրել՝ 2021-ի մայիսյան և 2022-ի սեպտեմբերյան ներխուժումներից հետո Բաքուն Հայաստանից որքա՞ն տարածք է օկուպացրել։ Պաշտոնական Երևանն ընդհանուր խոսում է Ադրբեջանի կողմից ավելի քան 200 քառակուսի կմ օկուպացված տարածքների մասին, որոնց մեջ մտնում են նաև 90-ականների ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքները։ Ամեն դեպքում, օկուպացված 200 քառակուսի կիլոմետրի մասին օրերս խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակ հայտարարելով՝ այդ տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու մտադրություն չունեն։
«Մենք այսօր և վաղը, մյուս օրը, ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել: Ինչո՞ւ, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք ադեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում մեր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային ճանապարհով լուծել», - նշել է վարչապետը։
Գարնանը Տավուշի մարզում նախկին ադրբեջանական 4 գյուղերը Բաքվին վերադարձնելուց հետո վարչապետ Փաշինյանը պնդում էր՝ Հայաստանի 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը բանակցությունների սեղանից երբեք չի հանվելու։ Հարցն, ըստ Փաշինյանի, պետք է քննարկման առարկա դառնա սահմանազատման հանձնաժողովներում, կանոնակարգի վավերացումից հետո։
«Կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը, որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն, համատեղ որոշմամբ», - ասաց վարչապետը
Արդյոք ադրբեջանական ուժերը սահմանազատման արդյունքում կհեռանա՞ն հայկական տարածքներից, այդ թվում՝ Ջերմուկի մատույցներից, անհայտ է։ Ամեն դեպքում, Բաքուն հստակ հայտարարել է՝ չի ընդունում 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը։
Ի դեպ, Հայաստանի կառավարությունն այսօր որևէ կերպ չի անդրադարձել 2 տարի առաջ այս օրը ադրբեջանական ռազմական ագրեսիային ու Հայաստանի տարածք ներխուժմանը, որի ընթացքում հայկական կողմն ավելի քան 220 զոհ ունեցավ։