Մատչելիության հղումներ

Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման


4 ամիս առաջ Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանի ծանր հանցագործությունների 18 տարվա ազատազրկման դատապարտեց։

Դատաքննությունը կայծակնային էր, ընդամենը երկու նիստ եղավ։ Առաջինում գործում ներգրավված անձանց ներկայացրին, այսօր էլ մեղադրական եզրակացությունը հրապարակելուց մի քանի ժամ անց դատարանը վճիռը հրապարակեց։

Բաքուն 40-ամյա երևանցի տղամարդուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։ Գերեվարված պահեստազորայինը, որ ջերմուկում վարժական հավաքների էր մասնակցում, հոդվածներից և ոչ մեկով իրեն մեղավոր չի ճանաչում։

Մի քանի ժամ տևած քննության ընթացքում Գագիկ Ոսկանյանը ապակիներով առանձնացված խցում էր, փաստաբանը՝ դահլիճում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ոսկանյանը հայտարարել է, որ օգոստոսին կատարվածն ինքը չի հիշում»։ Նրա մայրն օրերս «Ազատությանը» պատմել էր՝ ընդամենը ութ օր էր մնացել, որ տղան վերադառնա հավաքներից։

Ադրբեջանական կողմը Ոսկանյանին որպես դիվերսանտ է ներկայացնում. օգոստոսի 16-ին հայտարարեցին, թե Քելբաջարի ուղղությամբ «դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել»՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն ու ձերբակալել Ոսկանյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացարձակ սուտ որակեց այս պնդումը։

Ավելի վաղ, երբ ադրբեջանական կողմն այս միջադեպի վերաբերյալ դեռ ոչինչ չէր հաղորդել, պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե նախնական տվյալներով՝ Ոսկանյանն ինքնակամ է թողել մարտական դիրքը։

Հայկական կողմն ամռանը տեղեկացրեց՝ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածն ու բոլոր հանգամանքները։

Հաջորդող 4 ամիսների ընթացքում, սակայն, ոչ մի լրացուցիչ պարզաբանում չեն տվել։ Պետական մարմիններն առայժմ չեն մանրամասնում, թե ի վերջո ինչպես է Ոսկանյանը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում ու գերեվարվել։

Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» միայն հայտնեցին, որ մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածով վարույթ են նախաձեռնել, այժմ նախաքննություն է ընթանում կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։

Ուղիղ մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց ամռանը Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը։ Նրա դեպքում էլ պնդում էին, թե 90-ականներին զանգվածային սպանություն է իրականացրել։

Հայ իրավապաշտպաների պնդմամբ՝ այս դատավարությունները օրինական չեն, ոտնահարվում են մեղադրյալների իրավունքները. սա արդարադատության իմիտացիա է։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Ադրբեջանում հայերին մեղադրում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորման կազմավորում, նրանցից շատերը դատապարտվել են 6-20 տարվա ազատազրկման։

XS
SM
MD
LG