44-օրյա պատերազմից և հետպատերազմական իրադարձություններից հետո Հայաստան են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են նախորդ տարվա սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ ներկայացնելով Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները։
Ըստ գերատեսչության տվյալների՝ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, 2022թ. սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:
Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:
Նախորդ դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով, ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ: