Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության հետ այցելել է ԵՄ առաքելության Մարտունիի գրասենյակ։
Առաքելությունն X-ի իր էջում նախ գրել է, որ ուրախ էին Մարտունիում հյուրընկալել Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, ապա տեղեկացրել, որ նրանց են ներկայացրել «առաքելության գործունեությունն ու Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները»։
Դըկոտինյին այսօր գրառում էր կատարել X-ի իր էջում, մասնավորապես, նշելով․ - «Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»։
Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Բաքուն այսօր հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։
Բաքուն նաև Ֆրանսիայի հասցեին է պարբերաբար մեղադրանքներ հնչեցնում, այսօր հայտարարել է, Փարիզը նպաստում է «Հայաստանի ռազմականացմանը, այդ թվում՝ մահաբեր և հարձակողական զենքեր մատակարարելով»։ Ֆրանսիան բազմիս հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական զենքեր է մատակարարում։