Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ թե 51, այլ 127 քառ. կմ տարածք է գրավել


Ադրբեջանցի զինվորները ՀՀ տարածքում
Ադրբեջանցի զինվորները ՀՀ տարածքում

Ճիշտ է տեղեկությունը, որ ադրբեջանական զորքերը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից 127 քառ. կմ տարածք են գրավել։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ Պաշտպանության նախարարությունից են ասել. - «Ես աշխատում եմ Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ։ Մեր հանձնաժողովը պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողով է, և իհարկե, մեր առաջին գործընկերը Պաշտպանության նախարարությունն է»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Այս ծավալի կորստի մասին առաջին անգամ է հրապարակվում։ Իշխանական պատգամավոր Խաչատրյանը այս թիվը հնչեցրեց օրերս Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ժամանակ։

Իսկ մինչ այս պաշտոնապես բոլորովին այլ թիվ էր հրապարակել։ Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի հարձակումից մեկ օր անց Ազգային ժողովում հայտարարել էր, թե այդ մարտերի ժամանակ Ադրբեջանը տասը քառ. կմ տարածք է գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքից. - «Էս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս տասը քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից»։

Իսկ 2021-ին հայտարարվել էր 41 քառ. կիլոմետրի կորստի մասին։ Ստացվում է, որ 2021-ից մինչև օրս 51 քառ։ կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը։ Ինչո՞վ է բացատրվում այս տարբերությունը, Փաշինյանը թաքցրե՞լ է ճշմարտությունը։ Արմեն Խաչատրյանն ասաց՝ վարչապետը խոսել է միայն վերջին տվյալների մասին. - «Երկուսն էլ ճշմարիտ ա։ Որովհետև վարչապետը խոսում էր վերջին ժամանակահատվածի մասին, իսկ ես խոսում էի ընդհանրապես 21 թվականից առ այսօր»։

Անցա՞ծ տարվա տվյալն են թաքցրել... Փաշինյանի թիմակիցը չցանկացավ այս թեմայով զրույցը շարունակել։ Հրաժարվեց մանրամասնել նաև, թե քանի դիրք է Հայաստանը վերջին մարտերում կորցրել, կամ 2021-ից մինչ օրս. - «Դիրքերի առումով չեմ կարող ասել և չեմ էլ ասի այդ թիվը։ Նպատակահարմար չեմ գտնում ասելու, թե քանի, որտեղ և ինչ»։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

«Կարծում եք, որ երբևիցի ճշմարտությունը կասեն այսօրվա իշխանությունները, նաև «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժը», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ում տեղեկություններով՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի ժամանակ Հայաստանը 50 դիրք է կորցրել. - «Ես միայն կարող ասել, որ վերջին բախման ժամանակ Ադրբեջանի կողմից հանցագործ գործողություններով, սադրանք կազմակերպելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մերոնք խոսում են, որ մոտավորապես հիսուն դիրքի կորուստ է տեղի ունեցել տարբեր հատվածներում»։

Պաշտպանության նախկին նախարարը թե' 2021 թվականի, թե' վերջին պատերազմական օրերի կորուստների համար մեղադրում է Փաշինյանի իշխանությանը։ Զենքի խնդիր ունեին, բահ ու քլո՞ւնգ էլ չունեին, որ դիրքերն ամրացնեին, քննադատում է նախկին զինվորականը. - «Սահմանային բնակավայրերում լինելու ժամանակ սահմանային բնակավայրերի բնակիչները իրենք են ասում, որ երկար ժամանակ խնդրում են՝ ընդգրկեք մեզ պաշտպանական կառույցների սարքավորման գործում, ընդգրկեք մեզ խրամատավորման գործում։ Բայց իշխանությունները, չգիտես ինչու, մի մասին ընդգրկում են, մյուս մասին չեն ընդգրկում»։

Փաշինյանի թիմակիցը վստահ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը վերականգնելու հեռանկար կա, լինի զենքով թե դիվանագիտական ճանապարհով. - «Հրով կըլնի, թե սրով կըլնի, պետք է վերադարձվեն... թե գրիչով»։

Կորուստների մասին տվյալներ են հայտնում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները, իսկ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերյան մարտերից մեկ ու կես ամից անց էլ պաշտոնապես ո'չ դիրքային կորուստներն է ներկայացրել, ո'չ էլ զոհերի մասին ամփոփ տվյալները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG