Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն այսօր կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևային, ում Կազանի դատարանը անցած շաբաթ 6.5 տարվա ազատազրկման է դատապարտել մի քրեական գործով, որը «Ազատություն»-ը արդարադատության ծաղր է որակել։ «Լրագրությունը հանցագործություն չէ», - իր հերթին, երեկ ընդգծել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ Ալսու Կուրմաշևայի գործի վրա, նա նվիրված լրագրող է, որին Ռուսաստանի իշխանությունները թիրախավորել են ճշմարտությունը բացահայտելու և սկզբունքային լրագրության հանդեպ հանձնառության համար։ Լրագրությունը հանցագործություն չէ, ինչպես ասվել է բազմիցս, և մենք կշարունակենք շատ հստակ ընդգծել, որ Ալսուն պետք է ազատ արձակվի», - հայտարարել է Միլլերը:
Կազանի դատարանը երեկ հրապարակեց Կուրմաշևայի դատավճիռը, որը, ըստ Associated Press-ի, կայացվել է անցած ուրբաթ օրը՝ փակ դռների ետևում։ Երկու երեխայի մայրը Թաթարստանում կալանքի տակ է արդեն 8 ամիս՝ որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, ռուսական բանակի մասին «կեղծիքներ տարածելու» մեղադրանքներով։
ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ մինչ օրս ռուսական իշխանությունները թույլ չեն տվել հյուպատոսին այցելել լրագրողին։ «Սա արդարադատության ծաղր է», - երեկ հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը՝ ընդգծելով, որ միակ արդարությունը կլինի Ալսուի շուտափույթ ազատ արձակումը. - «Վաղուց ժամանակն է, որ Ամերիկայի քաղաքացին, մեր սիրելի գործընկերը վերամիավորվի իր ընտանիքի հետ»:
«Մեր դուստրերը և ես գիտենք, որ Ալսուն ոչ մի հանցանք չի գործել», - ասում է լրագրողի ամուսինը՝ "Настоящее время" հեռուստաալիքի տնօրեն Պավել Բուտորինը: - «Ամեն վարկյան մենք մտածում ենք, թե ինչ է անում Ալսուն: Եվ կարևորը՝ մենք մինչ օրս չենք հասկանում՝ ինչի համար են նրան կալանավորել»:
«Ալսուն սրան արժանի չէր։ Մենք նրան շատ ենք կարոտում, նա պետք է մեզ հետ լինի, այստեղ, իր ընտանիքի հետ, այլ ոչ թե ռուսական բանտի այդ փոքրիկ խցում», - ընդգծում է Բուտորինը:
Ալսու Կուրմաշևան ընտանեկան պատճառներով իր հայրենի քաղաք՝ Կազան էր գնացել անցած տարի գարնանը, ձերբակալվել հունիսին Կազանի օդանավակայանում, երբ տուն՝ Պրահա էր վերադառնում։ Լրագրողի ամերիկյան և ռուսական անձնագրերն առգրավել են։ Մի քանի օր անց լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել երկրորդ՝ ամերիկյան քաղաքացիության մասին չհայտնելու համար, ապա առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, հետո էլ՝ ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ տարածելու» համար։
Արևմտյան մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը, դեռ ամիսներ առաջ կոչ են արել Ռուսաստանի իշխանութուններին անհապաղ ազատ արձակել լրագրողին:
«Լրագրությունը հանցագործություն չէ ոչ այստեղ, ոչ էլ որևէ այլ տեղ: Ես կոչ եմ անում, որ Պուտինն անհապաղ ազատ արձակի Ալսուին և Էվանին», - ասել է Ջո Բայդենը:
Մինչ այս պահը Ռուսաստանի իշխանություններն այս հորդորներին չեն արձագանքել: Կրեմլի խոսնակն այսօր լրագրողներին միայն ասել է, թե մեկնաբանության համար պետք է դիմեն արտգործնախարարությանը:
Ի դեպ, Կուրմաշևայի դատավճռի օրը ռուսաստանյան մեկ այլ դատարան էլ Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին է դատապարտել 16 տարվա ազատազրկման` լրտեսության հոդվածով; Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցը հերքել է այս մեղադրանքը ևս:
Այսօր էլ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու գործով հեռակա 8,5 տարվա ազատազրկման է դատապարել գրող, լրագրող Միխայիլ Զիգարին։ Քրեական գործի հիմքում Զիգարի հրապարակումն է Instagram-ում՝ Ուկրաինայի Բուչա քաղաքում ռուսների իրականացրած վայրագությունների, խաղաղ բնակիչների սպանությունների մասին։
Զիգարը հազարավոր այլ ռուսատսանցիների նման հեռացել է երկրից դեռևս երկու տարի առաջ, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը լայնածավալ ագրեսիա սկսեց հարևան երկրի դեմ։ Այս ընթացքում Կրեմլից անկախ տասնյակ լրատվամիջոցներ են փակվել, օրինակ՝ "Эхо Москвы"-ն, կամ էլ ստիպված են եղել տեղափոխվել և գործունեությունը շարունակել արտերկրում՝ «Ազատության» ռուսական ծառայության, "Дождь"-ի կամ Meduza-ի նման։