Կազանի Սովետսկի շրջանային դատարանը հերթական անգամ երկու ամսով երկարաձգել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալսու Կուրմաշևայի կալանքը:
Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի մասին իշխանություններին չտեղեկացնելու հոդվածով և քննչական մեկուսարանում կմնա մինչև հունիսի 5-ը:
Ինքը՝ Կուրմաշևան, ըստ ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության, լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել քննչական մեկուսարանում պահման պայմանների վերաբերյալ։
«[Ես ինձ] այնքան էլ լավ չեմ զգում, որոշ ախտորոշումներ սրվել են, ֆիզիկապես այնքան էլ լավ չեմ: Կենցաղային պայմանները շատ վատ են, ես ոչ մի կերպ չեմ կարող հոգ տանել իմ առողջության համար, բողոքներ ունեմ կալանքի պայմաններից: Խուցը երկուսի համար ընդամենը հինգ քառակուսի մետր է, տաք ջուր չկա, զուգարանի փոխարեն հատակին անցք է, նույնիսկ կես մետր ազատ հատակ չկա, որ անցնեք։ Փաստորեն, դրանք երկու մահճակալ են և մի դարակ պատին: Սեղան չկա, խարխուլ պատեր, երևի մի կես դար վերանորոգում չի եղել», - ասել է Կուրմաշեւան։
2023 թվականի հոկտեմբերին կալանավորված լրագրողը գտնվում է քննչական մեկուսարանում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածով:
Բացի այդ, քաղաքային դատարանի վճռով Կուրմաշևան մեղավոր է ճանաչվել իր ամերիկյան քաղաքացիության մասին իշխանություններին ժամանակին չծանուցելու համար և դատարանի որոշմամբ տուգանվել է 10 հազար ռուբլու չափով։
Մեծ թվով երկրների պետական և հանրային բարձրաստիճան ներկայացուցիչներ և իրավապաշտպան կազմակերպություններ շինծու և բացառապես քաղաքական նպատակ հետապնդող են որակում Ալսու Կուրմաշևային ներկայացված մեղադրանքները և պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողին: