Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու համար․ Միլլեր


 ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք առկա հիմնախնդիրներ լուծելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու։

«Սա գործընթաց է, որի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ», - ասել է Միլլերը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնականը պարբերաբար այցելում է տարածաշրջան։

Պետդեպարտամենտը երեկ հաղորդեց, որ Ջեյմս Օ՛Բրայենը, հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հունիսի 11-ին Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր: «Ազատությանը» տված հարցազրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի:

Իսկ մայիսին, Վրաստանում իշխող ուժի հեղինակած «օտարերկրյա գործակալի» մասին վիճահարույց օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը ժամանել էր Թբիլիսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG