Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է «օտարերկրյա գործակալի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաների ակտիվիստ, ռազմական թեմաներով բլոգեր Ուչա Աբաշիձեն։ Սեփական տնից ոստիկանները նրան դուրս են բերել ձեռնաշղթաներով։ Նրա տանը մի քանի ժամ խուզարկություն է անցկացվել։ Բլոգերին մեղադրանք է առաջադրվել անօրինական հրազեն պահելու, կրելու համար։ Նրա եղբայրը հայտնել է, որ ոստիկաններն օդամղիչ զենք են տարել՝ խաղալիք։ Ուչան սթրայքբոլի ֆեդերացիայի նախագահն է, և նրա մոտ գտնված զենքը գրանցված է, ասել է եղբայրը։
Ուչա Աբաշիձեի ձերբակալությունն աղմուկով է անցել՝ ցույցերի մասնակիցները հավաքվել էին նրա տան մոտ, իսկ ձերբակալությունից հետո Ճավճավաձեի անվան փողոցով երթի են դուրս եկել, ոստիկանության կողմից մի քանիսը բերման են ենթարկվել մեքենաների երթևեկությունը փակելու համար։
Նույն օրն առավոտյան վիճահարույց օրինագծի դեմ բողոքող ցուցարարներից ևս 6 մարդ էր ձերբակալվել՝ նրանք մեղադրվում են ոստիկանների վրա հարձակվելու համար։ Դրա նախորդ գիշերը մի քանի ակտիվիստներ ծեծի էին ենթարկվել։
Ոչ կառավարական կազմակերպությունների, ցույցերի ակտիվիստների տների դռներին, գրասենյակների պատերին, ակտիվիստներից մեկի ավտոմեքենային կարմիր գույնով վիրավորական գրություններ էին գրվել, մասնավորապես՝ «ազգի թշնամիներ», «ագենտուրա» և այլն։ Անհայտ անձինք հեռախոսով սպառնացել են ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, նրանց ընտանիքների անդամներին։
Բայքեր Լաշա Գվինիանիձեին դիմակավորված երեք մարդ ծեծի են ենթարկել իր տան մոտ։ «Ազգային շարժման» անդամ Դմիտրի Չիկովանիի վրա դարձյալ տան մոտ հինգ մարդ է հարձակվել։ Մոտակայքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հարձակումը։ Անհայտ անձինք մականով մի քանի անգամ հարվածել են միջազգային հարաբերությունների փորձագետ Գիա Ջափարիձեի գլխին։ Նրանք գանգուղեղային, դիմածնոտային վնասվածքներով բուժվում են հիվանդանոցներում։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին դատապարտել է «բոլոր հարձակումները»։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ բռնությունը ոչ մեկի դուրը չի գալիս, անձամբ ինքը դա չի ողջունում, ոչ ընդդիմադիրների դեմ և ոչ էլ քաղաքացիների դեմ՝ օրինագծի դեմ բողոքողների կողմից։ Նա հայտնել է, որ անհապաղ հետաքննություն են սկսել՝ ուսումնասիրելու բոլոր փաստերը։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն անկարգությունների համար մեղավորության սլաքն ուղղել է հանրահավաքների կազմակերպիչների դեմ։ «Դա նրանք են, ում ձեռնտու է երկրում դժգոհության մեծ լիցքեր ստեղծելը, ովքեր ցանկանում են բարձրացնել լարվածության աստիճանը, շահագրգռված են, որ առավելագույն թվով մարդիկ տուժեն, իսկ կառավարությանը ձեռնտու չէ որևէ մեկին վնասել կամ խրախուսել»,- ասել է արդարադատության նախարարը։
Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները չեն փորձի գտնել ու պատժել մեղավորներին։ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Բերդի Սիչինավան ասել է, որ հետագա առճակատման ուրվագիծն արդեն հստակ երևում է։ «Իվանիշվիլին իրավապահ մարմիններին քաղաքացիների դեմ է հանում, և այս պայմաններում ընդհանուր նպատակը պետք է լինի քաղաքացիական առճակատումը կանխելը», - նշել է նա։
Հինգ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ նախօրեին համատեղ հայտարարություն են հրապարակել, ուր նշված է, որ իշխանությունների բռնությունները չեն կանգնեցնի Վրաստանի ժողովրդի եվրոպական ապագայի ձգտումները։
Իշխող ուժի առաջնորդներից Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, Եվրոպայի օրվա առիթով շնորհավորելով Վրաստանին, հույս է հայտնել, որ իր երկիրը շուտով կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։
Այսօր վրացական լրատվամիջոցները հաղորդեցին նոր ձերբակալության մասին։ Ռուսաստանի քաղաքացի, Բելգորոդից Անդրեյ Ռաուտբերգը ձերբակալվել է փողոցում տեղադրված տեսադիտարկման սարքը փչացնելու մեղադրանքով։ Դատարանը ինչպես մյուս ձերբակալվածների դեպքում, նրան երկու ամսով կալանելու որոշում է կայացրել։ Փաստաբանն ասել է, որ Անդրեյ Ռաուտբերգը փախել է Ռուսաստանից, բռնապետությունից, զորակոչից, այն պատժից, որը նա կկրեր Պուտինի քաղաքականությանը չաջակցելու համար, իսկ Թբիլիսում ընդամենը 1700 լարի վնասի մեղադրանքով նրան երկու ամսով կալանելու որոշումը գնահատել է որպես «ցուցադրական պատժի դասական օրինակ»։