Anonymous հաքերային խումբը ստանձնել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը։ Խումբը համապատասխան հայտարարությունը հրապարակել է X-ում:
Գերատեսչության կայքը անհասանելի էր երեկվանից, և միայն կեսգիշերից հետո արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարեց, որ կայքի աշխատանքը վերականգնվել է։
«Պետական գերատեսչության կայքի անջատումը հանցագործություն է։ Հանցագործության վրա ուրախանալը և այդ մասին ուրախությամբ ու հպարտությամբ կիսվելը, առնվազն, կատարյալ անբարոյականություն է: Արդարադատության նախարարության կայքից օգտվում են բազմաթիվ մարդիկ՝ անկախ քաղաքական հայացքներից... », - հայտարարել է նախարար Բրեգաձեն։
Հաքերային խումբը անցած օրերին մի շարք իշխանական կայքեր է թիրախավորել՝ ջարդելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության, կառավարամետ «PosTV» հեռուստաալիքի և Վրաստանի ՆԳՆ կայքերը։ Այս քայլերով Anonymous-ն արձագանքում է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոշտ գործողություններին։