ԱՄՆ արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, թեև նա ճանապարհորդում է աշխարհով մեկ, «դա այն հարցն է, որի մասին նրան պարբերաբար զեկուցում են»։
«Սա դեռևս օրինագիծ է, և ես չեմ ցանկանում խոսել մեր հնարավոր պատասխանների մասին, բայց կարծում եմ, որ մենք բավականին պարզ ենք նշել, որ լրջորեն ենք վերաբերվում հարցին և լրջորեն ենք մտահոգված», - ասել է Միլլերը Պետական դեպարտամենտի ճեպազրույցում:
Միլլերը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է պետական պաշտոնյաների կողմից օրենսդրությունը և հակաարևմտյան հռետորաբանությունը պաշտպանելու համար կիրառվող կեղծ փաստարկները:
«Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը երկիրը կանգնեցրել է խնդրահարույց ուղու վրա, որը սպառնում է եվրատլանտյան ինտեգրմանը և խաթարում է Միացյալ Նահանգների և Վրաստանի հարաբերությունները», - ասել է Միլլերը:
Իշխող կուսակցությունն ապրիլի 3-ին է հայտնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վերստին խորհրդարանի օրակարգ բերելու նախաձեռնության մասին:
Ընդդիմությունը և Վրաստանի արևմտյան գործընկերներն այն անվանում են նաև «ռուսական օրենք», քանի որ օրինագիծը գործնականում չի տարբերվում Ռուսաստանում ընդունված օրենքից, որն իշխանությանը տվել է անկախ ՀԿ-ների և անկախ մամուլի դեմ պայքարելու լծակներ:
Վրաստանում բողոքի լայնածավալ ցույցերի և երթերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ: Օրինագիծը երկու անգամ քվեարկությամբ ընդունվել է, երրորդ և վերջնական քննարկումն ու քվեարկությունը նախատեսվում է մայիսի 17-ին: «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օրենքն ուժի մեջ դնելու գաղափարից: