Վրաստանի խորհրդարանն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ քվեարկության կդնի առաջիկա երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին։
«Մայիսի 13-ին օրինագիծը երրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի, նախատեսվում են միայն խմբագրական փոփոխություններ», - ասել է նա։
Օրինագծի ընդունման դեմ բողոքող մարդիկ մտադիր են մայիսի 11-ին խորհրդարանի շենքի մոտ կազմակերպել խոշոր հանրահավաք, որին կմասնակցեն Վրաստանի տարբեր շրջաններից մայրաքաղաք ժամանած ընդդիմության աջակիցները։
Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ասել է, որ եթե օրենքն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից կսահմանվեն անձնական պատժամիջոցներ փաստաթղթին կողմ քվեարկած պատգամավորների և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Վրաստանում օրինագծի առաջին և երկրորդ ընթերցման օրերին տեղի են ունեցել ցույցեր և ընդհարումներ, կան ձերբակալվածներ:
Վրաստանի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այն կնպաստի դեմոկրատիայի զարգացմանը:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Դա շատ նման կլինի Ռուսաստանում գործող այսօրինակ օրենքին, որի միջոցով Վլադիմիր Պուտինի ռեժիմը պայքար է մղում անկախ մամուլի և անկախ ՀԿ-ների դեմ:
Արևմտյան գործընկերները նշել են, որ օրենքի ընդունումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Եվրամիությանը Վրաստանի անդամակցման ճանապարհին: