Հայաստանում լրագրողները հաճախ են ենթարկվում բռնությունների, ճնշումների թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից՝ խորհրդարանում, փողոցում, թե՛ սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցն է փաստում։
Իրավապաշտպան կառույցի Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 43-րդ հորիզոնականում է։
Կառույցի գնահատականներով՝ երկրում լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է ճնշումների ենթարկվել, մամուլի ազատությունը բավարար չափով չի պաշտպանվում, կառավարությունը տարատեսակ պատրվակներով սահմանափակում է պետական տեղեկատվության հասանելիությունը։
Փարիզում տեղակայված լրագրողական իրավապաշտպան կառույցը նկատում է, որ Հայաստանում լրագրությունն անարգված մասնագիտություն է, ենթարկվում է ատելության խոսքի, քաղաքական էլիտաները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և հակառակորդներին ծառայելու մեջ՝ ստեղծելով անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ըստ կազմակերպության, բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։
«Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ»
«Չնայած բազմակարծության միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ, երկիրը բախվում է աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի»,- երկրորդ տարին անընդմեջ պնդում է միջազգային կազմակերպությունը՝ կրկին շեշտելով, որ հայաստանյան լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը՝ բազմաթիվ լրատվամիջոցներ մոտ են իշխանություններին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, և միայն մի քանիսն են անկախ՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը։ Զեկույցի համաձայն՝ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։
Հայաստանը՝ մամուլի ազատության ցուցանիշով առաջատար տարածաշրջանում
Չնայած խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է մնում։ Վրաստանը 103-րդն է, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 158-րդը, Իրանը՝ 176-րդը, իսկ Ռուսաստանը՝ 162-րդը։
Ընդ որում, Վրաստանն անցյալ տարվա համեմատ կտրուկ նահանջել է՝ 26 դիրքով։ Իրավապաշտպան կառույցի կարծիքով՝ Մոսկվայի հետ կապերը սերտացնող Վրաստանի իշխող ուժը թշնամական քաղաքականություն է վարում մամուլի նկատմամբ։ Գահավիժել է նաև Ադրբեջանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների ալիքի պատճառով այդ երկրում անկում է գրանցվել բոլոր ցուցանիշներում, հատկապես՝ քաղաքական։
Շուրջ չորս տասնյամյակ աշխարհի լրատվամիջոցների ազատությամբ, լրագրողների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կազմակերպությունը, ուսումնասիրելով 180 երկրներում տիրող իրավիճակը, եկել է հետևյալ եզրահանգման՝ աշխարհում լրագրությունը քաղաքական ճնշումների տակ է։
«Գլոբալ առումով մի բան հստակ է՝ մամուլի ազատությունը վտանգված է հենց այն մարդկանց կողմից, ովքեր պետք է լինեն դրա երաշխավորը՝ քաղաքական իշխանությունը»,- հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ պնդելով, որ պետությունն ի վիճակի չէ պաշտպանել լրագրությունը։