Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի տարածքում նոր բնակավայր՝ Դոնեցկի մարզի Նովոմիխայլովկա գյուղը գրավելու մասին, որի համար մարտեր էին ընթանում դեռ անցած տարվա աշնանից: Սա ռուսական կողմի երկրորդ առաջխաղացումն է վերջին երկու օրվա ընթացքում, որը ուկրաինական կողմը պաշտոնապես դեռ չի հաստատել:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, դեռևս ապրիլի 21-ին ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում զգուշացրել էր՝ ռուսները մտադիր են մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը առաջ գնալ Դոնեցկի մարզում և ռազմավարական նշանակության ունեցող Չասիվ Յար քաղաքը գրավել:
Զելենսկին NBC-ի եթերում ասել է՝ Կոնգրեսի որոշումը շանս է տալիս մեզ. - «Եթե Ուկրաինան իսկապես ստանա այն սպառազինության համակարգը, որը մեզ այդքան անհրաժեշտ է, ինչի կարիքն ունեն հազարավոր զինվորներ, մենք հաղթանակի հնարավորութույն կունենանք»:
Ռազմական փորձագետների համոզմամբ՝ ռուսները ակտիվացնում են գործողությունները, քանի որ մտավախություն ունեն, որ մյուս շաբաթ արդեն ամերիկյան օգնության նոր փաթեթով նախատեսված զենքը կհասնի Ուկրաինա և իրավիճակը ճակատում կարող է փոխվել:
Պաշտոնապես, սակայն, Մոսկվա պնդում է, թե նոր զենքը ուկրանացիներին չի օգնի: Կլինի հակառակը, այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հատկացված գումարները, այդ զենքերը, որոնք կմատակարարվեն այս գումարի դիմաց, միայն նոր զոհերի կհանգեցնեն ուկրաինացիների շրջանում: Ավելի շատ ուկրաինացիներ կմահանան, Ուկրաինան ավելի մեծ կորուստներ կունենա», - նշել է Պեսկովը:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի հեռուն է գնացել՝ պնդելով, թե այս քայլերով Արևմուտքը միջուկային առճակատման վտանգն է միայն մեծացնում:
«Արևմտյան երկրները վտանգավոր կերպով կանգնած են միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման եզրին, ինչը հղի է աղետալի հետևանքներով», - ասել է Լավրովը։
Մոտ կես տարի տևած վեճերից հետո անցած շաբաթավերջին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ի վերջո հաստատեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարից ավելի օգնության Սպիտակ տան առաջարկը, վաղը այն քվեարկության է դրվելու Սենատում, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, ուստի ակնկալվում է, որ փաստաթուղթը կհաստատվի առանց որևէ դժվարության:
Դրանից հետո արդեն հաջորդ շաբաթ ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, ներառյալ մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռները, կարող են հասնել Ուկրաինա, հայտարարել է դեմոկրատ սենատոր Մարկ Ուորենը:
«Ես հուսով եմ, որ երբ նախագահը ստորագրի, այս բեռներն արդեն ճանապարհին կլինեն մինչև շաբաթվա վերջ», - նշել է նա:
Ողջունելով Կոնգրեսի երկար սպասված որոշումը Ուկրաինայի նախագահը պնդել է, թե դա հնարավորություն կտա բանակին առաջ գնալ: Ռազմական փորձագետները, սակայն, կասկածում են, որ ամերիկյան օգնության փաթեթը թույլ կտա ուկրաինական ուժերին նոր հարձակում սկսել։
Ինքը՝ նախագահ Զելենսկին, խոսելով նոր հակահարձակման մասն, փաստել է, որ առայժմ դժվար է կանխատեսումներ անել, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ օգնություն կստանա ուկրաինական բանակը, ինչպես նաև այլ գործոններից: