Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ԱԹՍ-ների խոցմանը․ Քիրբի


Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբի
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբի

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ԱԹՍ-ների ոչնչացմանը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին։

Հարցին, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգները, որն օգնեց Իսրայելին հետ մղել իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը, չի կարող նույնն անել Ուկրաինայի երկնքում, Քիրբին պատասխանել է․ - «Սրանք տարբեր հակամարտություններ են, տարբեր օդային տարածքներ, տարբեր սպառնալիքներ»։

Հիշեցնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինա ներխուժման հենց առաջին օրերին՝ Քիրբին վերահաստատել է՝ «Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել այս հակամարտությանը որպես մարտիկ»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնն էր հայտարարել, որ եթե բրիտանական ուժերը օգնեն Ուկրաինային խոցել անօդաչու թռչող սարքերը, ինչպես դա արեցին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ, դա կլինի ուղիղ բախում ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև և կհանգեցնի «վտանգավոր էսկալացիայի»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր․ - «Պաշտպանելով Իսրայելը՝ աշխարհը ցույց տվեց, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլև 100 տոկոս արդյունավետ»։

Զելենսկին ընդգծել էր, որ եվրոպական երկինքը վաղուց կարող էր պաշտպանվածության նույն մակարդակն ունենալ, եթե Ուկրաինան նման լիարժեք աջակցություն ստանար իր գործընկերներից՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ որսալու հարցում։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանից անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ դրանց 99 տոկոսը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 հրթիռներ և ԱԹՍ-ներ խոցվել են՝ մեծ մասը Իսրայելի տարածքից դուրս։ Պաշտպանության մեջ ներգրավված են եղել հակաօդային պաշտպանության ուժեր, իսրայելական բանակի կործանիչներ և ամերիկյան և բրիտանական ռազմանավեր։

XS
SM
MD
LG