Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերն այսօր հրթիռակոծել են ուկրաինական Չեռնիգով քաղաքը, կա առնվազն 16 զոհ


Հրթիռակոծության հետևանք Չեռնիգովում, 17-ը ապրիլի, 2024թ.
Հրթիռակոծության հետևանք Չեռնիգովում, 17-ը ապրիլի, 2024թ.

Ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռակոծել են ուկրաինական Չեռնիգով քաղաքը, ըստ վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի, թիրախում են եղել բնակելի թաղամասերը:

«Վաղ առավոտ Չեռնիգովի մարզում, հակառակորդը երեք հրթիռային հարված է հասցրել քաղաքի կենտրոնին, կան զոհված խաղաղ բնակիչներ և բազմաթիվ վիրավորներ», - նշել է Վյաչեսլավ Չաուսը:

Այս պահի տվյալներով առնվազն 16 մարդ է զոհվել, 60-ից ավելին վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ, կան անհետ կորած մարդիկ, տվյալները նախնական են, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Միաժամանակ հաղորդվում է, որ այսօր առավոտյան ուժգին պայթյուններ են հնչել բռնակցված Ղրիմի Ջանկոյ ռազմական օդանավակայանում, որի մերձակայքում մի շարք ռազմական օբյեկտներ և երկաթուղային հանգույցներ կան, որոնք օգտագործվում են ռուս զինվորականների կողմից։

Մոսկվան տեղի ունեցածին դեռ որևէ կերպ չի արձագանքել։

Պակաս լարված չէ իրավիճակը նաև ճակատում, հատկապես Դոնեցկի մարզում, որտեղ ռուսները փորձում են գրավել Չասով Յարը։

Ուկրաինացի զինվորականները զգուշացնում են՝ քաղաքը գտնվում է ռազմավարական կարևոր բարձունքում, և այն վերահսկողության տակ առնելով՝ ռուսական բանակը կարող է գրոհել Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կարևորագույն հենակետերի՝ Կոնստանտինովկայի, Դրուժկովկայի, Կրամատորսկի և Սլավյանսկի ուղղությամբ։

Տեղից հաղորդվում է, որ ռուսները ինտենսիվ ուժեր են կենտրոնացնում Չասիվ Յարի ուղղությամբ։ Ուկրաինական կողմում, մինչդեռ, օր-օրի ավելի է խորանում զենք-զինամթերքի պակասը։ Կիևը հրապարակավ է արդեն հայտարարում, որ բավարար սպառազինություն չունի ռազմավարական նշանակության օբյեկտներն ու խաղաղ բնակավայրերը ռուսական հարվածներից պաշտպանելու համար։

«Եթե այսպես շարունակվի, Խարկովը կարող է երկրորդ Հալեպը դառնալ», - զգուշացրել է վերջին շաբաթներին ռուսական մշտական ռմբակոծության տակ գտնվող քաղաքի ղեկավարը։

Իգոր Տերեխովը պնդել է, որ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Խարկովի էներգամատակարարումը և սարսափի մեջ պահել քաղաքի մեկ միլիոնից ավելի բնակիչներին, որոնք ստիպված են ապրել շարունակական գնդակոծությունների ու հովհարային անջատումների պայմաններում։

60 միլիարդ դոլարի օգնությունը, որը քաղաքական տարաձայնությունների պատճառով դեռևս արգելափակված է ամերիկյան Կոնգրեսում, ճակատագրական կարող է լինել, պնդում է պաշտոնական Կիևը։ Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները չեն բացառում, որ եթե Մոսկվան մարտավարությունը չփոխի, իշխանությունները ստիպված են լինելու տարհանել խաղաղ բնակիչներին, գրում է Bloomberg-ը։

Այս ֆոնին գերմանիայի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ դաշնակիցներին՝ Ուկրաինայի ՀՕՊ հնարավորինս արագ ամրապնդելու համար միջոցներ գտնելու խնդրանքով։

«Բեռլինի նախաձեռնության նպատակն է խթանել, որ առավել շատ թվով երկրներ օգնեն Ուկրաինային և որքան հնարավոր է շուտ, քանի որ մենք վտանգավոր միտումներ ենք տեսնում», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինա պաշտպանության նոր համակարգեր ուղարկելու հարցը քննարկվելու է նաև «Մեծ յոթնյակի»՝ այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG