Մեծ 7-ի և Ուկրաինայի արտգործնախարարները Կապրիում են
«Մեծ յոթնյակ»-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն Իտալիայում՝ Կապրի կղզում հավաքվել են երկօրյա ժողովի, որի օրակարգում ի շարս այլ հարցերի, կքննարկեն Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային սատարելու անհրաժեշտությունը:
Վերջին ամիսներին ռուսական բանակը որոշակի առավելություն է ստացել ռազմաճակատում և թեկուզ մեծ զոհերով ու շատ դանդաղ, այնուամենայնիվ, առաջ է շարժվում: Զգացվում է ռուսների ոչ միայն ու գուցե ոչ այնքան մարդուժի, այլ զինամթերքի և սպառազենի քանակի առավելությունը:
Բոլոր հանրային ելույթներում կամ դռնփակ բանակցություններում Կիևը խնդրում է մեկ բան՝ զենք: Դրա ֆինանսավորման հիմնական աղբյուրը Վաշինգտոնն է, սակայն փաթեթը դեռևս հավանություն չի ստացել Կոնգրեսում:
«Առաջիկայում կլինեն կոնկրետ որոշումներ»
Եվրոպայում ասում են, որ այդ հարցում չի կարելի ապավինել միայն Միացյալ Նահանգներին, ուստի Եվրամիությունը պարտավոր է իր ՀՕՊ համակարգերն ուղարկել Ուկրաինա, հակառակ դեպքում կդառնա ռուսների հաղթանակի ականատեսը: Դա է Կապրիում նշել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Առաջիկա օրերին կոնկրետ որոշումներ կլինեն Ուկրաինային ՀՕՊ նոր համակարգեր ուղարկելու հարցում: Այլապես Ուկրաինայի էներգամատակարարման ամբողջ համակարգը կոչնչացվի, իսկ առանց էլեկտրականության ոչ մի երկիր ի զորու չէ կռվել», - ասել է Բորելը:
«Մեծ 7-ն ունի այդ հնարավորությունները»
Կապրիում է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան: Նա բարեկամ երկրներին հորդորում է Ուկրաինային տալ այնպիսի ՀՕՊ, ինչպիսին Իսրայելն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր վնասազերծել ռուսական հրթիռները, անօդաչուները և նվազեցնել ավերներն ու մարդկային կորուստների թիվը:
«Այսօր այստեղ հիմնականում խոսելու եմ Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ տրամադրելու մասին: «Մեծ յոթնյակ»-ն ունի այդ հնարավորությունը, հետաքրքրված է պաշտպանել այն աշխարհը, որն Ուկրաինան հիմա պաշտպանում է Ռուսաստանի հարձակումներից: Մենք դա պետք է անենք», - ասել է Կուլեբան:
ԱՄՆ-ի համար հրատապ է օգնության փաթեթի հաստատումը
Կապրի է ժամանել նաև Միացյալ Նահանգների դիվանագիտական կորպուսի ղեկավարն, ով նույնպես խոսել է Ուկրաինային անհապաղ օգնելու անհրաժեշտության մասին: Նա ասել է, թե ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայով չի բավարարվի և եթե հաղթի, ապա կշարունակի ագրեսիան:
Այս պահին հրատապ է առավելագույն ջանքերը գործադրել և Ուկրաինային տալ այն անհրաժեշտ սպառազենը, որով հնարավոր է պաշտպանվել ռուսական ագրեսիայից:
«Միացյալ Նահանգների պարագայում դա նշանակում է հաստատել բյուջեի լրացուցիչ ծախսերի փաթեթը, որը նախագահը կազմել է Ուկրաինայի համար», - ասել է պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն առաջիկա շաբաթ օրը կանդրադառնան այդ փաթեթին:
«Օգնությունը չի ազդի ռազմաճակատի վիճակի վրա»
Մինչդեռ Մոսկվան պնդում է, թե արևմտյան նոր օգնությունն, իբր, ոչ մի նշանակություն չի ունենա և չի կասեցնի ռուսների հաջողությունները ռազմի դաշտում: Այդ մասին է ասել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա ոչ մի կերպ չի կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա։ Բոլոր փորձագետների համար հիմա անզեն աչքով տեսանելի է ուկրաինական կողմի անմխիթար վիճակը, ուստի դա ոչինչ չի կարող փոխել»,- ասել է խոսնակը։