Ապրիլի 19-ին ուկրաինական քաղաքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական մահացու հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին և գործընկերներին՝ հրատապ կերպով Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցով։
«Յուրաքանչյուր երկիր, որը տրամադրում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, յուրաքանչյուր ղեկավար, ով օգնում է համոզել մեր գործընկերներին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չպետք է պահվեն պահեստներում, այլ տեղակայվեն իրական քաղաքներում և համայնքներում, որոնք կանգնած են ահաբեկչության դիմակայության առաջ, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեր պաշտպանությանը, կյանք են փրկում», - X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին։
Ռուսաստանը պետք է պատասխան տա ահաբեկչության համար, և բոլոր հրթիռներն ու «Շահեդ» անօդաչու սարքերը պետք է որսալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ աշխարհը կարող է դա ապահովել, դա ցույց է տվել Մերձավոր Արևելքի երկնքում, և այն պետք է գործի նաև Եվրոպայում:
Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանից անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ դրանց 99 տոկոսը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 հրթիռներ և ԱԹՍ-ներ խոցվել են՝ մեծ մասը Իսրայելի տարածքից դուրս։ Պաշտպանության մեջ ներգրավված են եղել հակաօդային պաշտպանության ուժեր, իսրայելական բանակի կործանիչներ և ամերիկյան և բրիտանական ռազմանավեր։
Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ԱԹՍ-ների ոչնչացմանը:
Հարցին, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգները, որն օգնեց Իսրայելին հետ մղել իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը, չի կարող նույնն անել Ուկրաինայի երկնքում, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին պատասխանել է․ - «Սրանք տարբեր հակամարտություններ են, տարբեր օդային տարածքներ, տարբեր սպառնալիքներ»։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնն էր հայտարարել, որ եթե բրիտանական ուժերը օգնեն Ուկրաինային խոցել անօդաչու թռչող սարքերը, ինչպես դա արեցին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ, դա կլինի ուղիղ բախում ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև և կհանգեցնի «վտանգավոր էսկալացիայի»։
Սակայն «Մեծ յոթնյակ»-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երեկ Իտալիայում՝ Կապրի կղզում հավաքվել էին երկօրյա ժողովի։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ «առաջիկա օրերին կոնկրետ որոշումներ կլինեն Ուկրաինային ՀՕՊ նոր համակարգեր ուղարկելու հարցում: Այլապես Ուկրաինայի էներգամատակարարման ամբողջ համակարգը կոչնչացվի, իսկ առանց էլեկտրականության ոչ մի երկիր ի զորու չէ կռվել»։
Վաշինգտոնն էլ երեկ Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին օրինագիծ է հրապարակել։