Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կրկնում է՝ մտադիր չէ սեփական ուժերով ոչնչացնել Ուկրաինայի վրա հարձակվող ռուսական անօդաչուները


Չնայած Կիևի շարունակական դիմում-խնդրանքներին՝ Վաշինգտոնն ու արևմտյան դաշնակիցները կրկնում են, որ մտադիր չեն սեփական ուժերով ոչնչացնել Ուկրաինայի վրա հարձակվող ռուսական անօդաչուները, ինչպես արեցին Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների ու անօդաչուների դեպքում:

«Սրանք տարբեր հակամարտություններ են, տարբեր օդային տարածքներ, տարբեր սպառնալիքներ», - ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին և հիշեցրել է՝ նախագահ Բայդենը Ուկրաինայի դեմ պատերազմի հենց առաջին օրերին է հայտարարել, որ «Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել այս հակամարտությանը որպես պատերազմող կողմ»։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնն էլ հիմնավորել է՝ եթե բրիտանական ուժերն օգնեն Ուկրաինային խոցել անօդաչու թռչող սարքերը, ինչպես դա արեցին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ, դա կլինի ուղիղ բախում ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև և կհանգեցնի «վտանգավոր էսկալացիայի»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն, այս փաստարկները չեն համոզում. - «Իսրայելը, ինչպես Ուկրաինան, ՆԱՏՕ-ի անդամ չէ, և դա չի պահանջում 5-րդ հոդվածի ակտիվացում, բավական է միայն քաղաքական կամք։ Պաշտպանելով Իսրայելը՝ աշխարհը ցույց տվեց, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլև 100 տոկոս արդյունավետ»։

Երկու տարի է՝ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր, արևմտյան դաշնակիցները շարունակ կրկնում են, որ ուղիղ առճակատմանը չեն մասնակցի, սակայն պատրաստ են Ուկրաինային տրամադրել այնքան զենք, որքան պետք է, և այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի։ Մինչդեռ այսօր Ուկրաինան դե ֆակտո զրկված է բավարար ռազմական օգնությունից, քանի որ 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը դեռևս անցած տարվա վերջից հայտնվել է ներամերիկյան քաղաքական փակուղում՝ հանրապետականների դիրքորոշման պատճառով։

«Ուկրաինային օգնելու օրինագիծն այս շաբաթ վերջապես քննարկման կդրվի»

Ամիսներ շարունակված ձգձգումներից հետո այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, թե Ուկրաինային օգնելու օրինագիծն այս շաբաթ վերջապես քննարկման կդրվի։

«Ամբողջ աշխարհում տեղի են ունենում սրընթաց իրադարձություններ, որոնց մենք շատ ուշադիր հետևում ենք: Մենք գիտենք, որ աշխարհն էլ մեզ է հետևում՝ թե ինչպես ենք մենք արձագանքում։ Մենք ունենք ահաբեկիչներ, բռնակալներ և սարսափելի առաջնորդներ ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Պուտինը և Սին, Իրանի առաջնորդը, և նրանք հետևում են մեզ՝ արդյոք Ամերիկան կպաշտպանի իր դաշնակիցներին», - նշել է Ջոնսոնը:

Ամերիկյան պարբերականները, սակայն, հաղորդում են, որ քաղաքական ուժերի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա, և հստակ չէ՝ արդյոք քվեարկության դրվելուց հետո Ուկրաինան երկար սպասված օգնությունը կստանա։

Վիճակը Ուկրաինայի արևելքում լարված է. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Մինչ այդ՝ ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ հրետակոծությունները՝ փորձելով էլ ավելի առաջ գնալ։ Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն այսօր բացահայտ ասել է, որ վիճակը Ուկրաինայի արևելքում լարված է։ Ըստ Կիևի, ռուսներն ուզում են մինչև մայիսի 9-ը Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը գրավել, որն ըստ ռազմական փորձագետների, ռազմավարական նշանակություն ունի ուկրաինական պաշտպանության համար։

«Առանց արևմտյան օգնության Ուկրաինան այս պատերազմում չի կարող հաղթել», - երեկ կրկին զգուշացրել է նախագահ Զելենսկին, այս անգամ՝ ամերիկյան PBS-ի հետ զրույցում:

«Ես կարող եմ ձեզ ասել, անկեղծ ասել, առանց այս աջակցության մենք հաղթելու շանսեր չենք ունենա։ Հաղթելու համար պետք է թշնամուցդ շատ ավելի ուժեղ լինես, մեր և ռուսների հրետանու հարաբերակցությունը 1/10 է։ Մենք այսպես կարո՞ղ ենք մեր հողը պաշտպանել, ոչ։ Նման վիճակագրությամբ նրանք ամեն օր ավելի ու ավելի առաջ են գալու», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Ընդ որում, Զելենսկին միակը չէ, որ զգուշացնում է այս մասին։

«Եթե Միացյալ Նահանգներն արագ չլուծի օգնության հարցը, Ուկրաինայի վիճակը շատ կբարդանա», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասել ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նշելով. - «Յուրաքանչյուր ուկրաինական արկի դիմաց Ռուսաստանը կրակում է 5-6 արկ։ Սա չի կարող երկար շարունակվել։ Ուկրաինան ակնհայտորեն պետք է զինամթերք ստանա»

Փաստելով, որ նոյեմբերյան ընտրություններից առաջ վիճակը դժվար թե կտրուկ բարելավվի, Բոլթոնը պնդել է, թե Նահանգները այս փուլում լավագույն դեպքում կարող է սառեցնել պատերազմը. - «Կարծում եմ՝ Պուտինը սպասում է Թրամփին: Իսկ եթե նա ընտրվի նախագահ, ապա ես շատ կմտահոգվեմ Ուկրաինայի ճակատագրով»:

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահն առաջարկել էր ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ հրադադար հաստատել, Կրեմլը, սակայն, սառն է արձագանքել, պնդելով, թե Ուկրաինան այդ ժամանակահատվածը կարող է օգտագործել վերախմբավորման ու վերազինման համար։

Արևմտյան ու ուկրաինական հետախուզություններն իրենց հերթին պնդում են, թե Կրեմլն ինքն է լայնածավալ հարձակման պատրաստվում առաջիկա ամիսների ընթացքում:

XS
SM
MD
LG